Պատերազմի չորրորդ շաբաթվա ընթացքում ուկրաինական կողմը որոշ ուղղություններում անցել է հակահարձակի։ Ռուսական ցամաքային ուժերի առաջխաղացումը շարունակվում է միայն Դոնբասի հարավում։ Օդային հարվածները խոշոր քաղաքների վրա չեն դադարում։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, սակայն առաջնային հարցերում դրանք դեռևս «դոփում են տեղում»։
Պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ ռուսական կողմը իր կորուսների մասին տեղեկատվություն է հաղորդել․ ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 1351 ռուս զինվորական, ևս 3825-ը վիրավոր են։ Ուկրաինական կողմի զոհերի հստակ թիվը հայտնի չէ․ մարտի 20-ի դրությամբ, ըստ ՄԱԿ-ի, զոհվել է առնվազն 902 քաղաքացիական անձ։ Իրական թիվը, սակայն, շեշտակի ավելին է․ տարածքների մի մասը, որտեղ ռմբակոծություններ կամ ակտիվ ռազմագործողություններ են եղել, ուղղակի հասանելի չեն, կան հազարավոր անհետ կորածներ։ Հայտնի չէ նաև զինվորական կորուստների թիվը։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է ռուսական ուժերի կողմից 14 քաղաքապետների գերեվարման մասին։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկուցմամբ պատերազմի հետևանքով զոհվել են 5 լրագրողներ, ևս 9-ը վիրավոր են։
Տարածքային փոփոխությունները՝ համառոտ
Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերին հաջողվել է կանխել ռուսական զորքի առաջխաղացումը դեպի Բարվենկովո և Լոզովո բնակավայրեր։ Կամենկա գյուղում նախօրեին ընթացել են մարտեր, որոնց վերջնարդյունքը հայտնի չէ։ Շարունակվում են օդային հարձակումները։ Հրթիռակոծման է ենթարկվել քաղաքային պոլիկլինիկաներից մեկը։ Զոհվել է 4 մարդ, ևս 3-ը վիրավոր են։ Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ «Նոր փոստի» դիմաց կանգնած մարդկանց հերթին հրթիռ է հարվածում․ հաղորդվում է 6 զոհերի և 15 վիրավորների մասին։
Մայրաքաղաքի ուղղությամբ ռուսական զորքի առաջխաղացումը կանգ է առել․ նրանց վերահսկողության տակ է մնում Կիև-Ժիտոմիր ճանապարհը։ Ուկրաինական զինուժը հակագրոհի արդյունքում վերահսկողություն է հաստատել Մակարով բնակավայրում։ Վելիկայա Դիմերկա բնակավայրում նույնպես ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքները դեռևս պարզ չեն։
Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքի ղեկավարությունը հայտարարել է, որ բնակավայրում ռուսական զորքեր այլևս չկան։
Խերսոնի մարզի ուղղությամբ հարձակումը կանգնել է․ ռուսական զորքը հասել է Դնեպրապետրովսկի մարզի հետ սահմանին, որից հետո առաջխաղացումը դադարել է։
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը ստիպված են եղել լքել Նիկոլաևի շուրջ մի շարք դիրքեր՝ նահանջելով դեպի Խերսոնի մարզ։
Դոնբասում ռուսական զորքը շարունակում է հարձակումը։ ՌԴ գլխավոր շտաբից հայտնում են, որ ռուսական կողմը վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի մարզի 93%-ը և Դոնեցկի մարզի 54%-ը։ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծման հետևանքով զոհվել է 300 խաղաղ բնակիչ՝ հայտնում է քաղաքային խորհուրդը։ Ռմբակոծումը տեղի է ունեցել մարտի 16-ին․ իշխանությունները հայտնել էին, որ թատրոնի ապաստարանում հարվածի ժամանակ գտնվում էին 1300 բնակիչներ, սակայն զոհերի մասին տեղեկություն չէր հաղորդվում։