Ռուսական դատարանը Կոստրոմայի մարզի քահանա Իոան Բուրդինին մեղավոր է ճանաչել «ՌԴ Զինված ուժերին վարկաբեկելու» մեջ։ Տեր Հայրը տուգանվել է 35 հազար ռուբլու չափով։ Դատավճռի հիմքում հավատավորներին ուղղված նրա խոսքերն են․ պատարագից առաջ քահանան դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցող «եղբայրասպանությունը», աղոթել Ուկրաինայի ժողովրդի փրկության համար և հիշեցրել Ավետարանի մասին։ Պետությունը սա որակել է որպես բանակը վարկաբեկող գործողություն։
«Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չորնիխը Տեր Իոանին ուղեկցել է ոստիկանություն և դատարան՝ մասնակցելու գործով առաջին նիստին։ Իրավական պրոցեդուրաների արանքում նրանց հաջողվել է զրուցել պատերազմի խելագարության և հոգևորականի պատասխանատվության մասին՝ Աստծո, ծխական համայնքի, պատրիարքության և պետության առջև։ Զրույցի կրճատ թարգմանությունը՝ ստորև․
_____________
— Կոնկրետ ի՞նչը դուր չի եկել ոստիկանությանը։ Ծխական համայնքի կայքում հրապարակված հայտարարությո՞ւնը, թե՞ ձեր ելույթը պատարագի ժամանակ։
— Ի սկզբանե կանչել էին հայտարարության կապակցությամբ․ «Ահա, դուք նման բան եք գրել․․․»։ Երկու ժամ խոսում էինք կայքի մասին, հետո հանեցին արձանագրությունը, որտեղ նշված էր․ «Հրապարակային ելույթ պատարագի ժամանակ»։ Այսպիսի խորամանկ ստրատեգիա։ Չգիտեմ՝ ի՞նչ էին ակնկալում։ Որ պետք է ծնկաչոք ապաշխարե՞մ: (Ծիծաղում է)։ Դե՝ մեծ անակնկալ ինձ համար այստեղ չկար։
— Այդ քարոզը դուք ե՞րբ եք կարդացել:
— Իմ խոսքերը քարոզ անվանելն այդքան էլ ճիշտ չէ։ Պատարագից առաջ ես դիմել եմ իմ համայնքին՝ մեր եկեղեցու այցելուներին, զգուշացրել եմ մի քանի կարևոր բաների մասին։ Ասել եմ, որ պատարագն ինձ համար պարզապես ծիսական մի գործողություն չէ, այլ պահ, երբ մարդը կանգնում է Աստծո առաջ․ այստեղ երբեք չի կարելի ստել կամ կեղծել։ Ուստի ես պարտավոր եմ զգուշացնել նրանց, ինչի համար եմ մտադիր աղոթել։
Պատմել եմ, որ ծխական համայնքի կայքում հրապարակվել է իմ և Տեր Հայր Գեորգիի կոչը։ Այնտեղ մեր մտքերն են զինված հակամարտության մասին, այն մասին, թե ինչ ցավ ենք մենք զգում։ Սրանից ելնելով՝ ես մտադիր եմ պատարագի ընթացքում երկու խնդիրք անել՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար և որ Աստված փրկի Ուկրաինայի բնակիչներին։
Ես հիշեցրել եմ նաև, որ Եկեղեցին քրիստոնեական համայնք է։ Մարդիկ այստեղ, բոլոր հնարավոր տարաձայնություններով հանդերձ, միավորված են ավետարանական սկզբունքներով։ Ավետարանը մեզ համար միակ հենման կետն է, և այնտեղ ուղիղ է ասված․ «Մի՛ սպանիր»:
Եկեղեցու վերաբերմունքն արյունահեղությանը չափազանց հստակ է։ Դրա անեծքը դրվում է բոլորի վրա։ Ոչ միայն նրանց, ովքեր հրաման են տվել, այլև բոլոր նրանց, ովքեր այն հավանության են արժանացրել կամ լռել։
Աստվածաշնչում երկու օրինակ կա։ Հին Կտակարան․ Կայենը սպանում է Աբելին, և նրա թափած արյան անեծքը դրվում է նրա բոլոր զավակների վրա։ Մյուս դրվագն արդեն Նոր Կտակարանում է, երբ հրեաները խաչ են հանում Հիսուսին։ Սա որևէ դեպքում հրեաներին պախարակելու փորձ չէ, այլ՝ մեկ, բայց մեզ համար շատ նշանակալի մարդու սպանության նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքի արձանագրություն։ Որքա՞ն մարդ կարող էր տեղավորել այդ հրապարակը։ Թող լինի երեք հարյուր, թող՝ հազար․․․ Ընդամենը հազար մարդ էր գոռում․ «Խաչե՛ք, խաչե՛ք», բայց անեծքը դրվեց բոլորի վրա։
Նույնիսկ աշխարհիկ օրենսդրության մեջ կա «հանցակցություն» հասկացողություն, երբ մարդը կանգնել, նայել ու ոչինչ չի արել։ Անգամ քրեական օրենսդրությամբ՝ նա միևնույնն է մեղավոր է։ Ահա ինչի մասին էի ես խոսում մարդկանց հետ։ Ես փողոց դուրս գալու կոչեր չեմ արել, թռուցիկներ չեմ բաժանել․․․ Ես հիշեցրել եմ մարդկային հոգու մասին և չեմ համարում, որ որևէ օրենք եմ խախտել։
Ես ընդգծել եմ նաև, որ չեմ պատրաստվում աղոթել ո՛չ ռուսական բանակի պարտության, ո՛չ ուկրաինական բանակի հաղթանակի համար։ Ինձ համար կարևոր չէ՝ ում արյունն է այնտեղ թափվում։ Զոհվում են ուկրաինացիներ, զոհվում են ռուս զինվորներ․․․ եղբայրը սպանում է եղբորը, քրիստոնյան՝ քրիստոնյայի։ Հասկանո՞ւմ եք՝ փետրվարի 24-ին ես զգում էի, որ աշխարհը փուլ է եկել։ <․․․>
Ես ծնվել եմ Ուկրաինայում և գիտեմ՝ որքան հավատացյալ երկիր է դա․ շատ ավելի կրոնական, քան Ռուսաստանը։ Ստացվում է՝ երկու կողմից էլ կան մարդիկ, որոնք իրենց մեր՝ Մոսկովյան պատրիարքության քրիստոնյաներ են համարում։ Նրանք այժմ զենք են վերցնում և կռվում միմյանց դեմ, չնայած ընդունում են միևնույն պատրիարքին։ Սա պարզապես խելագարություն է։
Ահա թե ինչ եմ ես ասել իմ համայնքին։ Նախատեսում էի այսքանով եզրափակել, հետո հավանաբար հենց ինքը՝ Աստված ինձ գլխի գցեց ավելացնել շատ կարևոր խոսքեր․ «Ամենակարևոր բանն է հիմա՝ պահպանել մեր սիրտը չարիքից»։ Ձեր սրտի մեջ չպետք է լինի ատելություն՝ ուկրաինացիների, ռուսների, ամերիկացիների, չինացիների, առհասարակ ոչ ոքի նկատմամբ։ <․․․>Ատելությունն այն հետևանքներից է, որ մենք քավելու ենք տասնամյակներ շարունակ։
լուսանկարը՝ Դմիտրի Լեբեդև, Կոմերսանտ
Տեր Հայրը չի հասցնում ավարտել․ կանչում են դատարան։ <․․․>Ատենակալ կանանցից մեկը զննում է մեզ և ուղեկցում դահլիճ։ Տեր Հայրը՝ գլուխը ձեռքին հենած, նստած է առանձին սեղանի մոտ։ Լուսանկարիչը նրան է ուղղում տեսախցիկը, քահանան փորձում է ուղղել լայն ճաղատը շրջապատող ցցված, սպիտակող մազերը․
— Կինս առավոտյան ուզում էր մազերս կտրեր, չհասցրեց։ Անհանգստանում էր․ «Հո դատարանում խրտվիլակի պես չես նստելու․․․» Չնայած ես երևի հիմա պետք է մի քիչ խելագարի տեսք ունենամ։ Իրավիճակին համապատասխանելու համար։<․․․>
Նիստը մեկնարկում է տիպօրինակ․ դատավորը հաստատում է անձը՝ անուն, ազգանուն, ծննդյան վայր․․․
— Աշխատո՞ւմ եք։
— Ծառայում եմ։
— Ծառայում եք․․․ – մի քիչ շփոթված կրկնում է դատավորը․ – Դրանք աշխատանքային հարաբերություննե՞ր են։
Այս անգամ շփոթվում է արդեն Տեր Հայրը․
— Դժվարանում եմ պատասխանել․․․
— Իսկ եկամուտ դրանից ունե՞ք։
— Եկամուտը պայմանական է, – քմծիծաղով ասում է քահանան․ – Հնարավո՞ր է արդյոք ասել, որ աղքատը եկամուտ ունի։ Ինչ տան, դա էլ․․․
— Լավ, ի՞նչ չափի է ձեր ամսական եկամուտը։
— Կախված․․․
— Միջինացված․․․
— Այդ դա ընդհանրապես չեմ կարող ասել։ Մեր եկեղեցում բաժակ կա դրված, ինչքան որ գցեն՝ դա է եկամուտը։ Այդտեղից հարկավոր է վճարել նաև էլեկտրականության, գազի․․․
— Լավ, հասկանալի է, – դատավորը հանձնվում է։ <․․․>
Քիչ անց նա հեռանում է խորհրդակցությունների սենյակ։ Շարունակում ենք մեր զրույցը․
— Դուք գիտե՞ք՝ ով է ձեր մասին հաղորդել ոստիկանությանը։
— Իմ ծխականներն են, – ժպտում է Տեր Հայրը։
— Մե՞ծ համայնք է։
— Հիմնամասը մեծ չէ։ Ինձ մոտ տարբեր գյուղերից էլ են մարդիկ գալիս։ Եղել է, որ 50-70 մարդ է մասնակցել հաղորդությանը․ գյուղական եկեղեցու համար սա քիչ չէ։ Հիմա ավելի քիչ մարդ է գալիս․․․Պատարագի օրը մոտ 20 հոգի կար․․․
— Ստացվում է՝ մարդիկ են, որոնք ձեզ վաղուց են ճանաչում։ Ու, չնայած դրան, նրանք գնացել են ոստիկանություն․․․
— Չեմ կարծում, թե բոլորն են գնացել։ Գուցե նրանցից ինչ-որ մեկը ուղղակի զանգել է․․․ Ի վերջո՝ ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ով է դա արել։ <․․․> Գիտեք՝ անգամ համալսարանում կան դասախոսություններ, սեմինարներ, ստուգազրույցներ և քննություններ։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ինչ-որ իմաստով քննությունն է՝ բոլորիս համար։
— Կարծում եք՝ ծխականներն այդ քննությունը չե՞ն հանձնել։
— Ես նրանց մասին ոչինչ չեմ կարծում։ Ասում եմ սա՝ առանց խորամանկելու։ Ես նրանց բոլորովին չեմ դատում, այսինքն՝ որևէ կերպ չեմ գնահատում նրանց արարքը։ Դա իրենց հարաբերություններն են Աստծո հետ, ոչ թե իմ։
— Այս իրավիճակը ձեզ չի տխրեցնո՞ւմ։
— Ի՞նչը պիտի տխրեցնի։ Նույնիսկ տասներկու առաքյալների մեջ կար Հուդան։ Բայց սա սխալ համեմատություն է․ ի վերջո այդ մարդը չի զանգել ոստիկանություն, որ դրանից ինչ-որ օգուտ քաղի։ Նա պարզապես արել է այն, ինչ իրեն ճիշտ է թվացել։ Դատել այս անկեղծության համար չարժե։ Ես չեմ կարող ստիպել նրանց այլ կերպ մտածել, եթե անգամ Աստված չի կարողանում ոչ ոքի ստիպել (ծիծաղում է)։
Առհասարակ՝ ես չեմ դիտարկում քրիստոնեությունը դատելու և պատժելու առանցքով։ Ահեղ դատաստանն ինձ համար նրանում չէ, որ Աստված քեզ կդատի, այլ՝ որ Աստծո առջև դու կտեսնես քեզ ճիշտ այնպիսին, ինչպիսին կաս։ Որքան էլ արդարացնես քո արարքները, կգա պահը, երբ դու կտեսնես դրանք ճշմարիտ տեսքով։ Եվ այդ ճշմարտությունը այնտեղ է միայն՝ Աստծո մոտ։ Այդ պատճառով է, որ քրիստոնեությունը խոսում է ապաշխարանքի կարևորության մասին․ ցանկացած ժամանակ դու պետք է տեսնես՝ ինչպիսինն ես իրականում։ Վերջին դատաստանն այդ պարագայում ցնցում չի լինի քեզ համար՝ ի տարբերություն մարդու, որն ամբողջ կյանքի ընթացքում համոզված է եղել իր անսխալականության մեջ։
Աստված սիրում է բոլորին, բայց այդ սերը նման է կրակի։ Պատահում է, որ վիճում ես ծնողներիդ հետ, տաքացած ինչ-որ բաներ ես ասում ու մի ամբողջ կյանք ամաչում դրա համար։ Անցնում են տարիներ, նրանք մահանում են, բայց այդ զգացողությունը ողջ է մնում քո մեջ և այրում է քեզ։ Սա՛ է սիրո կրակը։ Խոսքը դժոխքի ինչ-որ խարույկների մասին չէ, այլ՝ քո խղճի կրակի։
Որևէ մեկին որևէ բանի համար մեղադրելն այս առումով անիմաստ է։ Եթե նա անկեղծ է վարվել, Աստված նրան գուցե ասի․ «Տեսնո՞ւմ ես՝ ինչպիսինն ես դու։ Զղջո՞ւմ ես արդյոք»։ Չեմ կարծում, թե մարդիկ, որոնք կյանքում սխալներ են արել, անպայման պետք է դատապարտվեն դժոխային տանջանքների։ Կարծում եմ՝ ամեն ինչ ավելի բարդ է և ավելի բարենպաստ մեզ համար։
<․․․>Երբ ես խոսում էի ատելության մասին․․․ Դա արդարացի է երկու կողմերի համար։ Եվ շատ ցավոտ է։ Այսօր աչքովս ընկավ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերից մեկի ելույթը։ Այնտեղ նա ասում է՝ եթե զավթիչը մտել է քո տուն, դու ոչ միայն իրավունք ունես նրան սպանելու, այլև պարտավոր չես խոստովանություն անել։ Աստվածաբանական տեսանկյունից սա պարզապես ակներև անգրագիտություն է։ <…>
Կար այսպիսի մի քրիստոնեական երկիր՝ Բյուզանդիա։ Այնտեղ, եկեղեցական կանոնների համաձայն, ցանկացած զինվոր, ով սպանում էր, 15 տարով զրկվում էր հաղորդությունից։ Անգամ եթե նա կռվել է հանուն իր երկրի։ Մեղքը մնում է մեղք՝ անկախ նրանից, ինչ հանգամանքներ կան այդ արարքի ետևում։
— Ինչպե՞ս է այդ պարագայում հնարավոր պաշտպանել հայրենիքը։
— Այդ մասին գրել է Սեմյոն Ֆրանկը՝ իր «Լույս խավարի մեջ» գրքում։ Պատկերացրեք՝ տեսնում եք դրբով մի եզի, ով երեխա է խեղդում։ Նրա հախից հենց նենց գալ չի լինի, ստիպված ես քար վերցնել ու տալ գլխին։ Բայց այդ պարագայում դու խախտում ես «Մի՛ սպանիր» պատվիրանը, կործանում հոգիդ․․․ Ավետարանը մեղմացուցիչ հանգամանքներ չի ճանաչում․ եթե սպանել ես, ուրեմն՝ սպանել ես։
Բա ի՞նչ անել այս դեպքում։ Սեմյոն Ֆրանկն ասում է՝ աշխարհում, որն ի սկզբանե ախտահարված է մեղքով, որպես կանոն չկա ընտրություն բարիքի և չարիքի միջև։ Կա ընտրություն չարիքի և ավելի մեծ չարիքի միջև։ Բայց մենք, անկախ ամեն ինչից, պետք է հասկանանք ու հիշենք՝ ինչ է մեղքը։ Եթե սպանությունը տեղի է ունեցել, պետք չէ փորձել արդարացնել այն։ Անգամ երբ կան հանգամանքներ, որ դրդել են դիմել նման քայլի։ Ապաշխարությունն այս պարագայում անհրաժեշտություն է։ Առանց դրա չի կարելի <․․․>
— Լավ, ուկրաինացի հոգևոր պետի հետ դուք համաձայն չեք։ Իսկ ի՞նչ եք մտածում Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշման մասին։ Անգամ մենք՝ անհավատներս, նման պահերին ուզում ենք հույս դնել Եկեղեցու վրա․․․
— Ես չեմ կարծում, որ Եկեղեցին պատկանում է որևէ պատրիարքի կամ միտրոպոլիտի։ Եկեղեցու տերը Քրիստոսն է։ Ստորակարգային մյուս կառուցվածները ինձ համար ավելի շուտ վարչական բնույթ ունեն։ Առավել ևս, որ ուղղափառության մեջ պատրիարքը ընդհանրապես նույնը չէ, ինչ կաթոլիկության մեջ Հռոմի պապը։ Ոչ ոք չի համարում, որ ex cathedra պատրիարքը ճառում է այն, ինչ ասում է ինքը՝ Աստված։ Ո՛չ։ Դա զուտ նրա անձնական կարծիքն է։
Կրկնում եմ՝ ես չեմ կարող դատել որևէ մարդու, այդ թվում՝ պատրիարքին։ Ճիշտ է՝ ես չեմ կիսում նրա դիրքորոշումը։ Նրա խոսքերն, ըստ իս, չեն համապատասխանում մեզ հետ տեղի ունեցող իրավիճակին։ Նա խոսում է ինչ-որ բաների մասին, որ տեսնում է միայն ինքը։ Մեզնից ամեն մեկը Աստծո առջև պատասխան է տալու իր խոսքերի համար։ Պատասխան է տալու նաև պատրիարք Կիրիլը <․․․>
— Instagram-ով հետևում եմ մի հայտնի տերտերի էջին․ հիմա շատերը պահանջում են, որ նա զինված հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտի։ Նա պատասխանում է, թե ցանկացած պատերազմ ողբերգություն է, բայց հոգևորականը չպետք է գնահատական տա քաղաքական իրադարձություններին։ Ըստ նրա՝ դա միայն պառակտում կբերի․․․
— Շատ հարմար դիրքավորում է, եթե խուսափում ես խնդիրներից։ Չնայած՝ այստեղ ևս կարելի է հիշել, թե ինչպես էր պատրիարք Ալեքսիյ II-ը 1993 թվականին փորձում հաշտեցնել քաղաքացիական հակամարտության կողմերին։
Բայց եկեք հարց տանք՝ այդ պարագայում ինչո՞ւ են հոգևորականները խոսում աբորտների մասին․ չէ՞ որ նրանք բժիշկ չեն։ Ինչո՞ւ ենք մենք խոսում շատ բաների մասին, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում Աստծուն ծառայելուն։ Ամուսնությանը առնչվող հարցեր, երեխաներին․․․ Որովհետև բոլոր այս խնդիրների մեջ կա բարոյական որոշակի բաղադրիչ։ Ես իմ համայնքի հետ չեմ խոսել քաղաքականության մասին՝ խոսել եմ արյունահեղության մասին, որն անհանդուրժելի է ցանկացած քաղաքական իրավիճակում։
Ես դիմում եմ ոչ թե քաղաքականությանը, այլ Ավետարանին։ «Մի՛ սպանիր» սկզբունքին, որը հիմքն է համաշխարհային քաղաքակրթության, եթե արտահայտվել ամպագոռգոռ բառերով։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անշուշտ բարոյական հարցերի տեղիք է տալիս։ Կարելի՞ է արդյոք պատերազմել, պե՞տք է արդյոք։ Հանդուրժելի՞ է արդյոք այս պատերազմը, որ տեղի է ունենում մարդկանց միջև, որոնց իրենց քրիստոնյա են համարում։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ քահանան չի կարող խոսել այս մասին․․․
Երբ հարկավոր է ասել իշխանությանը անհաճո մի բան՝ մենք նման իրավունք չունենք։ Չէ՞ որ դա «քաղաքականություն» է։ Երբ պետք է աջակցել իշխանություններին՝ այ սա ուրիշ բան, հերթ կկանգնեն։ Ես չեմ համարում, որ դա քրիստոնեական մոտեցում է։ <․․․>
— Համացանցում ես գանգատների եմ հանդիպել, թե ձեր խոսքերը հավատացյալների մեջ պառակտում են մտցնում․․․
— Այդ պառակտումն արդեն իսկ կա։
— Մարդիկ գրում են․ «Քահանան պետք է ամրացնի համայնքի միասնականությունը, հատկապես նման պահերին։ Իսկ հիմա․․․ նրա ելույթի պատճառով որոշ մարդիկ այլևս չեն գալիս եկեղեցի»։
— Նման բան կարող է լինել։ Միգուցե ես սխալվել եմ իմ այս արարքի մեջ, և Աստված ինձնից պատասխան ուզի։ Բայց, կարծում եմ, գյուղական մի փոքրիկ տերտերի խոսքերը առանձնապես չեն սասանի Եկեղեցին, անգամ եթե դրանք մեջբերվել են ԶԼՄ-ներում։ Իսկ այ բարձրաստիճան հոգևոր պետերի հայտարարությունները վստահաբար մտցնում են աններդաշնակություն։ Եվ մենք դա տեսնում ենք արդեն հիմա։ <․․․>
Տեր Իոաննին խնդրում եմ պատմել՝ ինչպես է ինքը հավատքի եկել։ Պատմում է իր «գլխավոր ուսուցչի»՝ մոր մասին<․․․>։ Հավատքի պատճառով նրա ծնողներին հեռացրել են աշխատանքից, ստիպված են եղել փոխել բնակության վայրը։ Ընտանիքի ընկերներից է եղել նաև քահանա Վասիլի Ագուրան, ով 15 տարի ճամբարներում է անցկացրել։
— 6 տարեկանում ես ուրացա Աստծուն։ Ուսուցչուհին հարցրեց․ «Դու ի՞նչ է՝ Աստծուն ես հավատո՞ւմ»։ Ասացի, որ չեմ հավատում։ Այս ուրացման ամոթը ինձ հետո երկար էր տանջում։ Մինչև հիմա չեմ մոռացել։ Բարեբախտաբար, Աստված ինձ ռեաբիլիտացվելու հնարավորություն տվեց։ Չորրորդ դասարանում ես նույն հարցին պատասխանեցի․ «Այո»։ Ու սկսվեց․․․ Կանգնեցնում էին դասարանի առաջ, թե՝ եկեք նրան ծաղրենք։ Դասի ժամանակ ուսուցչուհին մարգանցովկայի լուծույթ էր սարքում ու ասում, թե ջուրը գինու է վերածում։ Պիոներների խորհրդին հարցուփորձ էին անում․ «Ո՞վ է քեզ եկեղեցի գնալ սովորեցրել»։
Այնպես որ, ես մի քիչ ուրիշ ձևի քրիստոնեություն էլ գիտեմ՝ հալածված, ոչ թե միայն այն կուշտ բարօրության ու կուրության մեջ, որում այն գտնվում է հիմա։ Ոչինչ, Աստված դա էլ կուղղի։
Տեր Իոանին խնդրում եմ ցույց տալ մեզ Ս․ Հարության եկեղեցին, որտեղ նա ծառայում է։ <․․․> Մոտ 30 կիլոմետր՝ սարսափելի մի ճանապարհ․ մեկ բետոն, մեկ ասֆալտի կարկատաններ։ Դխկդխկալով գնում ենք։ Տեր Հայրը պատմում է Բոլգրադում՝ փոքրիկ քաղաք Ուկրաինայի և Մոդովայի սահմանին, անցկացրած մանկության մասին․ «Լուրերից դատելով՝ հիմա այնտեղ էլ են կրակում»։
լուսանկարը՝ Դմիտրի Լեբեդև, Կոմերսանտ
— Ընթերցողներից մեկը հավանաբար կասի․ «Դե պարզ է, ինչի է նա նման բաներ ասել․ որովհետև Ուկրաինայի՛ց է»։ Ի՞նչ կպատասխանեք սրան։
— Թե ով ինչ կասի՝ ինձ ամենաքիչն է անհանգստանցնում։ 1986 թվականից ես ապրում եմ Ռուսաստանում։ Մայրս ուկրաինացի է, հայրս՝ ռուս։ Նրա տատիկը, ենթադրում եմ, հրեա էր։ Բայց կարևորն այն է, որ ես ինձ երբեք որևէ ազգության չեմ դասել։ Հիմա էլ չեմ դասում<․․․> Ինձ համար մեկընդմիշտ ասված է Պողոս առաքյալի կողմից՝ «այլեւս չկայ ոչ հրեայ, ոչ հեթանոս»։ Բոլորս էլ Երկնային քաղաքի քաղաքացիներ ենք, որ այստեղ ենք՝ որպես անցորդ։ Սա է պատճառը, որ Եկեղեցին դիստանցավորվում է քաղաքականությունից։
Հավիտենություն առջև կարևոր չէ՝ ով է այս պահին կառավարում։ <․․․>
Այս պատերազմը – լավ, թող լինի «հատուկ օպերացիա» – ես ընկալում եմ ուղիղ որպես մարդկային խելագարություն։ Սարսափելի մեղք Աստծո առաջ։ Եվ եթե ես քահանա եմ՝ հոգևորական, ես պարտավոր եմ սա ասել։ <․․․>
— Նաիվ է հնչում, բայց ինչո՞ւ Եկեղեցին չփորձեց ուղղակի կանգնեցնել այս պատերազմը։ Ի վերջո՝ երկու երկրների հոգևորականներն էլ կարող էին գալ, կանգնել այդ քաղաքների հրապարակներում, պատսպարել մարդկանց ռումբերից, կանգնեցնել բանակները, ստիպել դադարեցնել կրակը, գնալ բանակցությունների․․․ Արդյո՞ք սա չէ Եկեղեցու առաքելությունը՝ պաշտպանել մարդկանց պատերազմի խելագարությունից։
— Դուք, կարծես թե, Ձեզ չեք դիրքավորում որպես քրիստոնյա, բայց ձեր պահանջներն ինչ-որ շատ ավետարանական են․․․ Իրոք որ՝ նաիվ հարց է։ Որովհետև մեզ առանձին կաստայի դասելու կարիք չկա։ Մենք սերում ենք մեր ժողովուրդներից․ ոչ ավելի լավն ենք, ոչ՝ ավելի բարձր։ Կարող ենք ճիշտ նույն կերպ մոլորվել, վախենալ ինչ-որ բանից <․․․>
… Այդ պատարագից առաջ ես հիվանդ էի, բավական ժամանակ ունեի՝ մտածելու, հաստատվելու իմ դիրքորոշման մեջ։ Եվ ես դուրս եկա մարդկանց մոտ՝ գիտակությամբ, որ պատերազմի խելազրկության մասին խոսելն իմ՝ իբրև հոգևորականի, պարտականությունն է։ Առանց դրա ես ուղղակի չէի կարողանա ծառայել։ Բայց պետք չէ մտածել, թե ես ինչ-որ հերոսություն եմ արել։ Որ մյուսները վախկոտ են, իսկ ես կեցցեմ՝ արտահայտվեցի։ Ես սովորական մարդ եմ, երբեմն՝ թույլ, կարող եմ սխալվել, ինչ-որ տեղ լռել։ Իհարկե, ես ոչ դատարան էի ուզում, ոչ տուգանք, ոչ էլ աղմուկ։ <․․․>