Home / Բանակ / Ապաստարանները՝ ռուսական զորքերի նոր թիրախ, Էրդողանը՝ միջնորդ․ օր 22-րդ

Ապաստարանները՝ ռուսական զորքերի նոր թիրախ, Էրդողանը՝ միջնորդ․ օր 22-րդ

Ռուսաստանի սանձազերծած լայնածավալ պատերազմի վերջը չի երևում։ Կան շատ տրամաբանական պատճառներ՝ ինչու Պուտինը պետք է պատրաստ լինի հաշտության։ Պատերազմը ռազմավարական ու տնտեսական աղետ է Ռուսաստանի համար։ ՌԴ-ն փաստացի դարձել է քաղաքական, մշակութային ու տնտեսական իզգոյ։ Բայց արդյոք սա կարող է կանգնեցնել Պուտինին, թե՞ ընդամենը փոխել նրա ռազմավարությունը։ 

Միևնույն ժամանակ, ռուսական ուժերը նպատակաուղղված կրակում են ապաստարանների վրա։ Ուկրաինական քաղաքները պաշարման տակ են․ որոշներում սնունդն ու խմելու ջուրը վերջանում է։ 

Մարտի 17-ի գլխավոր իրադարձությունները՝ համառոտ․

— Ռուսական օկուպացիոն զորքերը առավոտյան կրակել են Չերնիգովի խանութներից մեկի մոտ կանգնած խաղաղ բնակիչների վրա։ Զոհերի ու վիրավորների թիվը ճշտվում է․ Չերնիգովի ԱԻՊԾ

Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է առնվազն 53 մարդ․ Չերնիգովի իշխանություններ

«Արդեն 3 օր է մարտեր են ընթանում։ Մարդիկ քնում են միջանցքներում, ապաստարաններում, նկուղներում։ Խնդիրներ կան դեղամիջոցների ու խմելու ջրի հետ կապված», – պատմում է Չերնիգովի բնակիչներից մեկը։

Խարկովի մարզի Մերեֆա քաղաքը գիշերը ենթարկվել է ռմբակոծության։ Զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 25-ը՝ վիրավորվել․ Խարկովի մարզային դատախազություն

Կազաչյա Լոպան ավանում ռուսական ուժերը կիրառել են արգելված կասետային զինամթերք։ Զոհվել է ավելի քան 6 մարդ․ Hromadske 

Մերեֆայի քաղաքապետը հայտարարել է, որ ռմբակոծությունների հետևանքով ավերվել է քաղաքի դպրոցն ու մշակույթի տունը, վնասվել՝ հարակից բնակելի տները։ 

Մարիուպոլում մարտի 16-ի դրությամբ զոհվել է ավելի քան 2358 խաղաղ բնակիչ։ Քաղաքի շենքերի 80-90%-ը մասամբ կամ ամբողջությամբ ավերված են։ Մարդիկ խմելու ջուր վերցնում են ջրհորներից, ջեռուցման համակարգերից ու ջրափոսերից․ փոխքաղաքապետ

Մարդիկ, ովքեր թաքնված էին ռմբակոծված Մարիուպոլի Դրամատիկական թատրոնում, ողջ են մնացել։ Մարդկանց հանում են փլատակների տակից․ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր

Ավելի վաղ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնել էր, որ հարյուրավոր մարդիկ ապաստան էին գտել թատրոնի շենքում, որը երեկ ռմբակոծվել էր ռուսական ուժերի կողմից։

Կիևում հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Վերևի հարկերը մասամբ ավերվել են։ Զոհվել է 1 մարդ․ Ուկրաինայի ԱԻՊԾ

Ռուսական օկուպացիոն ուժերը արգելված կասետային զինամթերքով կրակել են Նովիե Պետրովցի գյուղի վրա։ Զոհվել է երկու տարեկան երեխա, ևս 4 մարդ՝ վիրավորվել են․ մարզային ոստիկանություն

Բանակցություններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել դառնալ միջնորդ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի խաղաղության շուրջ բանակցություններում։ Էրդողանը նշել է, որ մի շարք հարցերի համաձայնեցումը կարող է պահանջել ՌԴ և Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպում, ուստի ևս մեկ անգամ առաջարկել է Ռուսաստանի ղեկավարին հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլում կամ Անկարայում։  

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործ նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ուկրաինա։ Ուկրաինայի արտգործ նախարարը կոչ է արել Թուրքիային դիտարկել՝  ապագայում Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը դառնալու հնարավորությունը։