Home / Բանակ / Լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 3-րդ շաբաթը

Լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 3-րդ շաբաթը

Ուկրաինայում շարունակվում են ռմբակոծություններն ու մարտերը։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 16-ին ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսսի առաջ՝ խնդրելով հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային, կամ փակել երկրի օդային տարածքը։ Միաժամանակ CNN-ը գրում է, ՆԱՏՕ երկրներն արդեն սկսել են ՀՕՊ համակարգերի մատակարարումը․ դրանք ճանապարհին են։

Պատերազմի առաջին օրվանից ի վեր երկրում զեկուցվել է 103 երեխաների մահվան մասին, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Տվյալները վերջնական չեն, քանի որ դատախազությունը և իրավապահ մարմինները ակտիվ կրակոցների և բռնագրավված տարածքների շրջանները հետազոտելու հնարավորություն չունեն։ 

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշմամբ Ռուսաստանը հեռացվել է կազմակերպության անդամների ցուցակից։ ՌԴ-ն մարտի 16-ից սկսած այլևս չի հանդիսանում Եվրախորհրդի անդամ։

Պատերազմի քարտեզը

Կիևի մարզում չեն դադարում ռմբակոծումները։ Մարտի 16-ին Ուկրաինայի պետական ծառայությունները հայտնել են երկու բարձրահարկ շենքերի ավերման մասին, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ 

Մինչ այդ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առցանց ցույց է տվել Սվյատոշինսկի շրջանում փլուզված շենք, որտեղ նախնական տվյալներով 4 մարդ է զոհվել։ Նույն շրջանում մարտի 15-ին երկու բարձրահարկ շենքեր ռմբակոծման հետևանքով հրդեհվել են, կա 2 զոհ։ Պոդոլսկի շրջանում զեկուցվում է ևս մեկ բարձրահարկ շենքի հրդեհման մասին, կա 1 վիրավոր․ Ուկրաինայի ԱԻՊԾ


Պոդոլսկի շրջան, AFP

Մարիուպոլում «գերհզոր ռումբ» են կիրառել Դրամատիկական թատրոնի վրա, որտեղ հարյուրավոր մարդիկ էին թաքնվել կրակոցներից։ Փլատակներին հասնել չի հաջովել և ոչ ոք չգիտի՝ կան արդյոք ողջ մնացածներ․ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Տարուտան

Նախորդ օրը Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել էր, որ Մարիուպոլից մարդասիրական միջանցքի միջոցով հաջողվել է տարհանել 20 հազար բնակչի։

Չերնիգովում ռմբակոծման հետևանքով զոհվել է հացի հերթի մեջ գտնվողներից առնվազն 10 հոգի․ Ուկրաինայի պետական Суспiльне հանրային հեռուստառադիոընկերություն

Խերսոնի մարզի Սկադովսկ քաղաքում հայտնել են քաղաքապետի առևանգման մասին։ Քաղաքի բնակիչները հավաքվել են ցույցի․ ականատեսների խոսքերով ռուսական զորքերը արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների վրա։ Ավելի ուշ քաղաքապետը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ իրեն բաց են թողել՝ հետը շփվելուց հետո։ 

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՊՆ հայտարարության՝ Խերսոնի մարզի ամբողջ տարածաշրջանը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Խարկովում մարտերը շարունակվում են։ Մարտի 15-ի գիշերային ռմբակոծություններից զոհվել է առնվազն 7 բնակիչ։ 

Ընդհանուր առմամբ պատերազմի սկզբից Խարկովում արտակարգ իրավիճակների ծառայության կողմից զեկուցվել է խաղաղ բնակիչների շրջանում ավելի քան 500 զոհերի մասին։

Դոնեցկում վերջին 27 օրվա ընթացքում 49 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 236-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան 13 երեխաներ․ ԴԺՀ իշխանություններ

Լուգանսկի շրջանի Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր շարունակում են մնալ ռմբակոծության տակ։ Ռուբեժնոյե քաղաքում ռմբակոծությունից տուժել են տեսողության խանգարում ունեցող երեխաների ինտերնատը, մեկ հիվանդանոց և երեք դպրոց։ Կա 4 զոհ․ Hromadske

Բանակցություններ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, Finantial Times-ի կարծիքով, նշանակալի առաջընթաց է արձանագրվել։ Ըստ պարբերականի, կողմերը 15 կետից բաղկացած համաձայնագիր են քննարկում, որը հաշվի է առնում հրադադարը և ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայից։ Ուկրաինան, ըստ համաձայնագրի, պետք է հրաժարվի ՆԱՏՕ մուտք գործելու պլաններից և խոստանում է իր տարածքում չտեղակայել օտարերկրյա ռազմաբազաներ ու զինամթերք։ Փոխարենը՝ Կիևը ստանում է անվտանգության երաշխիքներ․ երաշխավոր կարող են հանդիսանալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, կամ Թուրքիան։