Աշխարհում ցորենի թիվ մեկ մատակարար Ռուսաստանը անցյալ շաբաթ հայտարարել է, որ մինչև սեպտեմբեր դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միություն, որի անդամ է նաև Հայաստանը։ Արգելվում է նաև շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը միության տարածքից դուրս։
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում ևս խուճապ է նկատվում։ Լուրեր են պտտվում, որ ալյուրի, ձեթի, մակարոնեղենի, շաքարավազի դեֆիցիտ ու գնաճ կա։ Մարդիկ իրար զանգում, շտապեցնում են գնել վերոնշյալ ապրանքները։
Արդյո՞ք խուճապն արհեստական է։
Խոսակցություններ կան, որ նախկին պատգամավոր խոշոր ներկրող և իրացնող Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) ձեթի, շաքարավազի, ալյուրի արհեստական դեֆիցիտ է առաջացրել շուկայում՝ այլ խանութներին այդ ապրանքները չտրամադրելով։ Իրեն պատկանող «Երևան Սիթի» ցանցում նույն ապրանքների պակասը չկա, իսկ գներն աճել են: Ալեքսանյանը պնդում է, որ «Երևան Սիթիում գնաճ չկա»։
Նոր Զովք, Ծիրան սուպերմարկետներում ու մթերային խանութներում ալյուր ու շաքարավազ չկա։
Երևան Սիթիից տարբեր հեռախոսահամարներ տվեցին, որոնց պատասխանողները հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը։ Epress.am-ը զրուցեց սուպերմարկետի «հավատարիմ հաճախորդ»-ներից մեկի հետ։ Վերջինս պատմում է, որ անցյալ շաբաթվանից սկսած մարդիկ պարկերով ալյուր, շաքարավազ և 5 լիտրանոց տարաներով ձեթ էին գնում։
«Շաբաթ օրվանից սկսած սահմանափակումներ մտցրեցին Երևան Սիթիում։ Շաքարավազ ու ալյուր 5 կիլոգրամից ավել չեն տալիս, իսկ ձեթ՝ 3 հատից ավել։ Ընդհանուր առմամբ մոտ 50-100 դրամով թանկացել են էդ ապրանքները»։
Երևանի մթերային խանութներից մեկի տնօրենի խոսքերով, արդեն մոտ 3 շաբաթ է ալյուր, ձեթ ու շաքարավազ չեն առաքել խանութ։ «Ձեր նշած ապրանքների մատակարարները ասում են, որ այս պահին պահեստից ապրանք դուրս չի գալիս։ Ասում են՝ հաշվարկներ են անում, գին են որոշում, չեն կարող առաքել։ Էն, որ ապրանք կա, մենք գիտենք։ Ներկրողն էլ չգիտեմ՝ ներկրել է, թե իր պահեստներից է վաճառում հիմա»։
Վերոնշյալ ապրանքների Հայաստան ներմուծման մեջ Ռուսաստանի կշիռը մենաշնորհային է։ 2020 թվականի տվյալներով, ըստ ՀՀ մաքսային ծառայության, ունենք հետևյալ պատկերը՝
— ցորենի 99%-ը Ռուսաստանից (347206 տոննա՝ 71646 հազար դոլար)
— ցորենի ալյուրի 98%-ը Ռուսաստանից (20811 տոննա՝ 5545 հազար դոլար)
— արևածաղկի ձեթի 97%-ը Ռուսաստանից (27702 տոննա՝ 25845 հազար դոլար)
— մակարոնեղենի 74․2%-ը Ռուսաստանից (12000 տոննա՝ 5711 հազար դոլար)
— շաքարավազի 41․1%-ը Ռուսաստանից (32284 տոննա՝ 11333 հազար դոլար)
Գնային շոկեր
«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ» պնդում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Տեղի է ունենում գրեթե նույնը, ինչ լինում էր քովիդի համավարակի սկզբնական շրջանում: Այսինքն՝ մարդիկ մեծ քանակությամբ առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում 1 օրվա բացը լրացնել, պահեստից ապրանքը տեղափոխել դեպի խանութներ: Ինչպես քովիդի ժամանակ էինք խոստացել, այնպես էլ հիմա ենք ասում, որ որևէ ապրանքի դեֆիցիտ չի սպասվում»։
Գևորգյանը թանկացումները մեկնաբանել է նրանով, որ ամբողջ աշխարհում են բարձրացել պարենի ու ձեթի սակագները։ «Հիմա փորձում ենք ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսվարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն», – ասել է նա։
Ռուսաստանում իրավիճակը նույնն է։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին զուգահեռ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում դեֆիցիտ ու գնաճ կա, գրում է Новая Газета-ն։ Ռուսաստանյան որոշ խանութներում նույնպես կիրառվել են սահմանափակումներ մի շարք ապրանքների վրա։ Շաքարավազ, ձավարեղեն, ալյուր, մակարոնեղեն կարելի է գնել 5 կիլոգրամից ոչ ավել, արևածաղկի ձեթ՝ 5 հատից կամ 5 լիտրից ոչ ավել։
«Գների աճը, որին բախվել են ռուս գնորդները, անսպասելի (կամ սպասելի) սկսել է զուգորդվել ապրանքների պակասի հետ։ Այս պակասությունը կրում է տեղային բնույթ։ Առայժմ չի կարելի ասել, որ «ընդհանրապես» ապրանք չկա։ Ցածր գներով ապրանքները քիչ են, իսկ «թանկ գներով» կամ «թանկարժեք խանութներում» ապրանքների տեսականին դեռ չի փոխվել», – գրում է լրատվականը։