Անհրաժեշտ է վերադառնալ ստատուս քվոյին՝ չեղյալ համարելով հարկերի բարձրացումը, երկրում ստեղծված սոցիալական վիճակը քննարկելու և ուղիներ գտնելու նպատակով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում թանկացումներին նվիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Խնդիրներին լուծում տալու նպատակով՝ «Ելքը» «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել, որը փետրվարի 15֊ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել։
Ըստ «Ելքի» առաջարկած օրենքի նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման:
Այսօր իր ելույթի ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ հարկերի բարձրացումը պետբյուջեի մուտքերը կավելացնի 35-40 միլիարդ դոլարով, բայց այդ բեռը կրում են քաղաքացիները՝ գնաճի պատճառով։ Պատգամավորի գնահատմամբ, դա «անուղղակի հարկ է» քաղաքացիների համար։
«Այն, դե ֆակտո ոչ թե տնտեսվարող սուբյեկտն է վճարում, այլ՝ քաղաքացին։ Գնի վրա դրված ևս մեկ հավելավճար է»,֊ ընդգծել է Փաշինյանը։
Այսպիսով, «Ելք» դաշինքն առաջարկում է չեղարկել հարկի բարձրացումը և «այդ գումարը թողնել քաղաքացիների մոտ»։
«Հակառակ դեպքում մեր երկրում հաստատված սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու։ Սրանով մենք առաջարկում ենք վերադառնալ դեկտեմբերի 31֊ի ստատուս քվոյին, որպեսզի ավելի հանդարտ պայմաններում հնարավորություն ունենանք քննարկել ստեղծված վիճակը և գտնենք այդ վիճակը հաղթահարելու ուղիները։ Իմ կարծիքով՝ այս պահին այս առաջարկն ամենատրամաբանական որոշումն է», ֊ ասել է Փաշինյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ 1 ամիսը քիչ է գնաճի վերաբերյալ երկարաժամկետ դատողություններ անելու համար։
«Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն ակնհայտորեն գոնե հունվար ամսում չէր կարող բերել առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին, որի մասին այստեղ խոսվում էր»,֊ ասել է Հարությունյանը։
Նրա պնդմամբ՝ 2018 թվականի բյուջեն ռիսկային է և մտահոգվելու առիթ կտա, եթե հընթացս որոշվի այդ բյուջեում փոփոխություններ կատարել․ «Մեր խնդիրն է հասկանալ՝ արդյոք այս քայլով, այս փոփոխությունները կատարելով իրականում կարողանո՞ւմ ենք լուծել, թե՞ ոչ։ Եթե չենք լուծում` ունքը սարքելու փոխարեն աչքը չվնասենք»։