Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խումբը խախտումներ է արձանագրել նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գրեթե բոլոր խանութներում։
Խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ:
Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի:
«ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում: Խախտումների մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն», – նշված է տեսչության հաղորդագրությունում: