2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստներն կավելանան 2100-ից 3000 դրամով․ նախագիծը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը «բխում է գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի առաջանցիկ աճն ապահովելու նպատակից», նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը․
— նվազագույն կենսաթոշակը կդառնա 28600 դրամ՝ 26500-ի փոխարեն,
— պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի համար հաշմանդամության զինվորական կենսաթոշակները
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար կդառնան 43000 դրամ (40000-ի փոխարեն).
բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000-ի փոխարեն).
գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000-ի փոխարեն).
— պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (կերակրողին կորցնելու դեպքում) զինվորական կենսաթոշակը կդառնա 30000 դրամ (27000-ի փոխարեն)։
— Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ 28600 դրամ (26500-ի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500-ի փոխարեն):
Նիկոլ Փաշինյանը ամփոփեց՝ թոշակները, իհարկե, «ոչ դարակազմիկ չափով են մեծանում»։ Եվ հույս հայտնեց, որ այլ ոլորտների, հատկապես՝ կրթության և գիտության ֆինանսավորման «դարակազմիկ» ավելացումը, որը հաստատվել է այս տարի, «ի վերջո շղթայորեն կբերեն այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ և էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»։