Երևանում բնակարանի հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձն աստիճանաբար կհանվի։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։
Ըստ նախագծի, եկամտահարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինի՝
- 2022-ի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (Փոքր Կենտրոն)
- 2023-ի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (Կենտրոնի մնացած տարածքները, Արաբկիրի մի մասը)
- 2023-ի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևանի երրորդ գոտում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթունի մի մասը, Էրեբունու՝ Կենտրոնին հարող հատվածը)
- 2025-ի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում
Առաջարկվող սահմանափակումները տարածվելու են 2022-ի հունվարի 1-ից հետո տրամադրված շինթույլտվություններով կառուցվող բնակարանների վրա։
Նախագծի ընդունումն, այսպիսով, չի նշանակում, որ դադարեցվելու է եկամտային հարկի վերադարձը այն մարդկանց, ովքեր համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև օրենքի ընդունումը կամ մինչև օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Նրանք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ արտոնության կիրառման տարիների ընթացքում և հատկապես վերջին 2 տարիներին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է։
«Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000։ 2020-ին նոր շահառուների թիվը եղել է 5200։ Կտրուկ աճել են պետական բյուջեից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ 3․3 մլրդ, 2020-ին՝ 5,4 մլրդ դրամ, միայն 2020 թվականի հատկացումների մասով հանրագումարով հասնելով 13․3 մլրդ դրամի։ Ներկայում շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, հատկացված գումարը տարեվերջին կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների քանակը՝ 20 000»,- հայտնել է Տիգրան Խաչատրյանը։
Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կառուցապատման հիմնական ծավալն իրականացվում է Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է մայրաքաղաքի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում:
«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի պոտենցիալը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը, ինչպես նաև կընդգծի դրա սոցիալական բնույթը», – նշել է նախարարը։
Այսպիսով՝ առաջիկա 3 տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից՝ առանց ժամկետային սահմանափակումների, դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել:
«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում աշխատող, ապրող մարդիկ հնարավորությունը չկորցնելու համար բնակարան են ձեռք բերում Երևանում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում: Այս որոշմամբ՝ որոշակի կանխատեսելի ժամկետներով արտոնությունը սկսում ենք վերացնել՝ սկսած Երևանի կենտրոնից, որպեսզի նաև կարողանանք խթանել մարզերում շինարարությունը»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանում (թե Երևանում, թե մարզերում) առհասարակ բնակարանային ֆոնդի թարմացման կարիք կա, քանի որ շենքերի մեծ մասը կառոցվել են 70-ական, 80-ական, անգամ 50-ական թվականներին:
Հիշեցնենք՝ գործող ծրագրով՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։