Մարտի 28-ին Ռոսկոմնադզորից ևս մեկ գրավոր նախազգուշացում ստանալուց հետո, Новая Газета-ն հայտարարել է որ ժամանակավորապես կանգնեցնում է իր գործունեությունը բոլոր հարթակներում։ Խմբագրությունը հայտնում է, որ կվերսկսի աշխատանքն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։
Ըստ Ռոսկոմնադզորի՝ նախազգուշացման պատճառը նյութերից մեկում «օտարերկրյա գործակալի» հիշատակումն է առանց համապատասխան պիտակավորման։ Ընդ որում գերատեսչությունը չի նշել, թե որ նյութի և կոնկրետ ում հիշատակման մասին է խոսքը։ Ռուսաստանում, ինչպես հայտնի է, «օտարերկրյա գործակալ» հռչակվողների ցուցակն օր օրի երկարում է։
Նախօրեին Новая Газета-ի գլխավոր խմբագիր և խաղաղության նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովի նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ռուսաստանյան լրատվամիջոցների հարցազրույցը։
Ռոսկոմնադզորն արգելել է ռուսական լրատվականներին հրապարակել հարցազրույցը, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նյութին իրավական գնահատական կտա։ Հարցազրույցը կարող եք դիտել ստորև՝
Փետրվարի 24-ին Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, որից հետո Ռոսկոմնադզորը սկսել է արգելափակել անկախ լրատվականների կայքերը։ Գլխավոր դատախազության պահանջով երկրի տարածքում իրենց գործունեությունը դադարեցրել են, ի թիվս այլի, Дождь-ը, Медуза-ն, Медиазона-ն, Кавказский узел-ը և այլն։ Մարտի 3-ին նրանց թիվը համալրել էր նաև Эхо Москвы–ն։