Ղարաբաղում վերականգնվել է գազամատակարարումը, news.am-ին հայտնել է տեղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Ստեփանյանը պատասխանել է․
«Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։
Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն առհասարակ գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, պաշտոնյան նշել է՝«Այո, ճիշտ եք հասկանում»։
Հիշեցնենք՝ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային լարվածության ֆոնին Լիսագոր գյուղում վնասվել էր սահմանին տեղակայված գազատարը։ Ղարաբաղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված էին գազամատակարարումից։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս սկսել վթարի վերացման աշխատանքները։ Մարտի 16-ին հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմը սկսել է Ղարաբաղում վնասված գազատար խողովակի վերանորոգումը և գազամատակարարումը վերականգնվել էր։
Ավելի ուշ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Ղարաբաղում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը։ Բաքուն Երևանին խորհուրդ է տվել «անհիմն» մեղադրանքներ չհնչեցնել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։