Home / Առողջապահություն / Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում երեխաների խոցելիությունը

Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում երեխաների խոցելիությունը

2021թ. չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը հայ գործընկերների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» կազմակերպության և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ շարունակել են Հայաստանի Թումանյանի և Ստեփանավանի շրջանների շրջակա միջավայրի աղտոտվածության քարտեզագրումը, որն իրականացվում է 2018 թվականից։ Չորս տարի տևած համապարփակ ուսումնասիրության ընթացքում իրականացվել է ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների առկայության վերաբերյալ մշտադիտարկում: Վերլուծության են ենթարկվել հողի, փոշու ու մթերքի փորձանմուշներ, ինչպես նաև՝ տեղի բնակիչներից վերցված մեզի և մազերի նմուշները:

Բացի շրջակա միջավայրում և տեղի բնակիչների օրգանիզմում աղտոտող նյութերի քանակի ուսումնասիրությունից, իրականացվել են հարցումներ տեղի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են ընկալում շրջակա միջավայրի վիճակի և իրենց առողջության միջև կապը: Հետազոտությունների արդյունքները  բացահայտեցին տագնապալի իրավիճակ երեխաների ու մինչև 18 տարեկան դեռահասների շրջում։ Հենց նրանց օրգանիզմում է հայտնաբերվել ծանր մետաղների ամենից բարձր պարունակությունը: Այս խմբում ավելի հաճախ էին հանդիպում սրտանոթային հիվանդությունները կամ մարսողական խնդիրները, որոնք իրենց հերթին կարող են կապված լինել շրջակա միջավայրի աղտոտվածության հետ:

Հիմնվելով 2018-2021 թվականներին Թումանյանի և Ստեփանավանի հանքարդյունաբերական շրջաններում շրջակա միջավայրի աղտոտվածության քարտեզագրման և այս շրջանների բնակիչների առողջական վիճակի գնահատման վրա՝ պատրաստվել է իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների համալիր փաթեթ։ Առաջարկությունները ներկայացվել են տեղի համայնքների ներկայացուցիչներին, բիզնեսին, պետական պատասխանատու մարմիններին։ Հատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի աղտոտվածության համակարգված մշտադիտարկմանը, տեղի բնակչության առողջական վիճակի կանոնավոր գնահատմանը և հանքարդյունաբերական գործունեությանն ազդակիր համայնքներին ու նրանց բնակիչներին տրվող պետական ​​աջակցության ավելացմանը: Քննարկվել են Հայաստանի արդյունաբերական շրջանների՝ կայուն զարգացմանն աստիճանական անցում կատարելու առաջարկները։

«Մենք կապի մեջ ենք տեղական մարմինների հետ՝ հիմնվելով մեր կողմից հավաքված հավաստի տվյալների վրա, որոնք օգտագործում ենք տարածաշրջանում իրավիճակի բարելավմանն ուղղված մեր առաջարկները ներկայացնելու համար: Մենք կցանկանայինք շարունակել օգտագործել դաշտային հետազոտությունների և տեղեկատվական արշավների իրականացման փորձը, որը մենք ձեռք ենք բերել Հայաստանի Լոռու մարզի հանքարդյունաբերական տարածքներում: Ուստի որոշեցինք ընդլայնել մեր գործունեությունը նոր տարածքներում, մասնավորապես՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերում, քանի որ տեղի համայնքները բախվում են նմանատիպ խնդիրների, սակայն չունեն գիտելիքներ և գործիքներ իրացնելու մաքուր և առողջ միջավայր ունենալու իրենց իրավունքը», – ասաց «Առնիկա»-ի ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն, – «Դրա համար մեր գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ կշարունակենք ուսումնասիրել արդյունաբերական և հանքարդյունաբերական գործունեության ազդեցությունը Հայաստանի մարզերի վրա, մասնավորապես՝ ձգտելով ստանալ լրացուցիչ տվյալներ աղտոտվածության մակարդակի վերաբերյալ։ Միաժամանակ մենք աջակցելու ենք տեղի համայնքներին՝ պաշտպանելու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրենց իրավունքը։ Նրանց հետ միասին մենք հետևելու ենք, որ աղտոտվածության խնդիրը չգնա հետին պլան»։