Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանում չափվել է 4-6 տարեկան երեխաների արյան մեջ կապարի մակարդակը, քանի որ դրա ազդեցությունը երեխաների մոտ առավել արագ է արտացոլվում: Արդյունքում պարզվել է, որ Ախթալայի (84.6%) և Ալավերդի (75.4%) երեխաների արյան մեջ կապարի առկայությունը զգալիորեն բարձր է, քան Երևանի երեխաների մոտ (57.4%): Ինչպես հայտնում է «Հայաստանի Օրհուս կենտրոններ» ՀԿ-ի կայքը, հետազոտությունն անցացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային առողջապահության ֆակուլտետի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը՝ գնահատելու համար առողջական և բնապահպանական ռիսկերը թունավոր թափոնավայրերին կից համայնքներում: Ուսումնասիրության արդյունքները Ալավերդու Օրհուսի կենտրոնում ներկայացրել է հետազոտող Ռուզաննա Գրիգորյանը:
Գրիգորյանը ներկայացրել է նաև այն պաշտպանիչ միջոցառումները, որոնց միջոցով կարելի է մեղմացնել առողջության վրա ծանր մետաղներով պայմանավորված ռիսկերը: Օրինակ, քանի որ դրանք փոշու միջոցով են տարածվում, անհրաժեշտ է բնակարաններն առավել հաճախ փոշեզերծել, եթե ընտանիքում կան գործարանում աշխատող և արտահագուստ կրող անդամներ, ապա ուշադիր լինել և առավել հաճախ լվանալ հագուստը:
Բացի երեխաների արյունից, հետազոտվել է նաև Ալավերդի քաղաքում հողերի նմուշներում ծանր մետաղների քանակությունը, որի նպատակով 289 հողի նմուշներում (251-ը բնակելի տարածքների բակերից, 20-ը՝ մանկապարտեզների և դպրոցների բակերից, 18-ը՝ ֆոնային մակարդակը ստուգելու նպատակով) XRF ռետգեն սարքի միջոցով տեղում ստուգվել է ծանր մետաղների քանակությունը: Ալավերդի համայնքին կից հատվածում 10սմ և 20սմ խորության վրա հողում հայտնաբերված ծանր մետաղների ամենաբարձր քանակությունն է գրանցվել:
Համաձայն հետազոտողի, արսենի քանակը գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունն Ալավերդիի բակերից և դպրոց/մանկապարտեզներից վերցված բոլոր նմուշներում, ընդ որում՝ 13.3 անգամ: Կապարի քանակը գերազանցել է թույլատրելի խտությունը նմուշների 22.6%-ում, քրոմի քանակը՝ բոլոր նմուշներում:
«Հատկապես ահազանգող է պնձաձուլական գործունեության հետևանքով առաջացած խարամի (սև ավազի տեսք ունեցող այսպես կոչված «շլակի») առկայությունը քաղաքի տարբեր բանուկ հատվածներում՝ բնակելի շենքերի բակերում, բակերին կից մասերում, ճանապարների վրա, դպրոցների բակերում: Բնակիչների հետ զրույցներում մենք պարզեցինք, որ քաղաքապետարանի աշխատակիցները խարամի այդ կույտերը ձմռան ամիսներին շաղ են տալիս ճանապարների վրա սառույցը հալեցնելու նպատակով: Տեղեկացնում ենք, որ խարամը պարունակում է խիստ բարձր քանակով ծանր մետաղներ և չափազանց վտանգավոր է համայնքի բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար», – ասված է ասումնասիրության մեջ: