հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Մարդու արյան մեջ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

Մարդու արյան մեջ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

Պլաստիկի (պլաստմասսա) մասնիկները շրջակա միջավայրի աղտոտման լայնորեն տարածված բաղադրիչներն են։ Նորվեգիայում գիտնականների կողմից կատարված հետազոտության համաձայն միկրոպլաստիկի տեսակներ են հայտնաբերվել նաև մարդու օրգանիզմում․ հետազոտությունը հրապարակվել է Environment International պարբերականում։ 

Միկրոպլաստիկի ընդունված սահմանում դեռևս գոյություն չունի․ հիմնականում դրա մեջ են դասվում 5 մմ-ից փոքր ցանկացած պոլիմերային մասնիկներ։

Գիտնականները արյան նմուշներ են վերցրել յուրահատուկ սննդային սովորույթներ չունեցող 22 առողջ կամավորներից․ նրանցից 17-ի արյան մեջ հայտնաբերվել են միկրոպլաստիկի հետքեր՝ մասնավորապես պոլիէթիլենի, պոլիէթիլեն տերեֆթալատի և շատ քիչ քանակությամբ պոլիմեթիլմետակրիլատի (օրգանական ապակի)։ 

Մարդու օրգանիզմում հայտնված պլաստիկի աղբյուր կարող են հանդիսանալ ոռոգման ջուրը, սնունդը, ինչպես նաև քաղաքային օդում կախված տարբեր պարունակությամբ փոշեհատիկները։ Օդում միկրոպլաստիկի հիմնական աղբյուրը ավտոմեքենաների մաշված անիվներն են, իսկ ոռոգման ջրում՝ լվացքի նպատակով գործածվող ջուրը․ հետազոտությունները պարզել են որ լվացքի ընթացքում սինթետիկ կտորի 0,3%-ը միկրոպլաստիկի տեսքով հայտնվում է ջրում։ Բացի այդ մեծ դեր ունի ժամանակի ընթացքում ջրի մեջ պլաստմասսե թափոնների քայքայումը՝ խոնավության և ճառագայթման ազդեցությամբ։

Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի վնասակար ազդեցություն ունեն պլաստիկ միկրոտարրերը մարդու առողջության վրա, սակայն հայտնի է, որ դրանք կարող են շրջակա միջավայրից իրենց վրա հավաքել տարբեր թունավոր նյութեր։ Այնուամենայնիվ, լաբորատոր փորձերում դրանք վնասում են բջիջների թաղանթը և կարող են գործարկել ապոպտոզ (բջջի ծրագրավորված մահ)։

Գիտնականների համար սկսել է առանձնակի հետաքրքրություն ներկայացնել նաև պլաստիկի տեղափոխությունը մարդու արյունատար համակարգում․ որոշ հետազոտողների կարծիքով դրանում դեր ունեն իմունային բջիջները։ Ենթադրության ճիշտ լինելու դեպքում միկրոպլաստիկով աղտոտվածությունը կարող է հանդես գալ իմուն համակարգի հիվանդությունների աճի պատճառ։