Երեկ Բաքվում տասնյակ ադրբեջանցիներ դուրս են եկել բողոքի ցույցի նախարարների գրասենյակի դիմաց ՝ պահանջելով բացել ցամաքային սահմանները, որոնք փակ են համաճարակային իրավիճակի պատրվակով։
Ուժայինները ցրել են ցույցը և ձերբակալել 35 մասնակցի, այդ թվում՝ կանանց, ծերերի և անգամ պատերազմի վետերանների, ահազանգում է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի գործակալությունը, սակայն, պնդում է, որ ցույցերի ժամանակ ոչ ոքի չեն ձերբակալել՝ մարդկանց ընդամենը «հեռացրել են տարածքից»։
Խաղաղ ակցիայի ժամանակ ձերբակալվել է նաև ընդդիմադիր «Մուսավաթ» երիտասարդական կուսակցության ղեկավար անդամ Ազիզ Մամիևը։ Դատարանի որոշմամբ նա կալանքի տակ կմնա 30 օրով՝ ոստիկանությանը չենթարկվելու վարչական հոդվածով։ Բացի Մամիևից, բոլոր ցուցարարներին բաց են թողել նույն օրը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Ռուսաստանի և Վրաստանի հետ երկրի սահմանները փակ են դեռևս 2020 թվականի ապրիլից։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի ցամաքային սահմանների բացելու նպատակ առայժմ չունի, պարզաբանելով, որ դա համաճարակային իրավիճակում անվտանգության պահպանման միջոց է՝ «որ մարդիկ չհիվանդանան»։ Նախագահը նաև նշել է, որ խոսքը միայն ցամաքային սահմանների մասին է։
«Մուսավաթ» կուսակցությունը հրապարակայնորեն քննադատել է Ազիզ Մամիևի ձերբակալությունը։ Կուսակցության անդամները պնդում են, որ Մամիևը որևէ իրավախախտում չի կատարել և նրան ձերբակալել են խաղաղ ցույցի գնալու ժամանակ, ընդ որում ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ։
Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Մամիևը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ընդգծելով, որ վերջինս նախկինում էլ է պարբերաբար ենթարկվել ճնշումների ուժայինների կողմից՝ մինչև անգամ առանց պատճառաբանության աշխատանքից հեռացումը։ Մամիևը դիմել է ոստիկանություն, սակայն այդ գործերը պատշաճ կերպով չեն քննվել։