Home / Բանակ / «Պետք է մեռնեի՞, ի՞նչ է»․ ադրբեջանցի վետերաններն՝ իրենց խնդիրների հետ դեմ հանդիման

«Պետք է մեռնեի՞, ի՞նչ է»․ ադրբեջանցի վետերաններն՝ իրենց խնդիրների հետ դեմ հանդիման

2020 թվականի 44-օրյա պատերազմի  ադրբեջանցի մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են անում Բաքվում։

Նրանցից մի քանիսը, օրինակ, հավաքվել էին Բաքվի գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով պատժել ոստիկաններին, որոնք ծեծել են իրենց։ Մյուս ակցիայի մասնակիցները՝ մի քանի տասնյակ տղամարդիկ,  Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության մոտ էին․ նրանք պնդում են, որ պատերազմից հետո չեն կարողանում վետերանի կարգավիճակ ստանալ և զրկված են իրենց հասանելիք նպաստներից՝ գրում է Jam-news ռեգիոնալ պարբերականը։

Նյութին կից տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով տղամարդը, գլուխը ձեռքերով բռնած, նստած է սոցպաշտպանության նախարարության դիմաց։ Կողքը հենակներն են։ Jam-news-ի տվյալներով,  նա Ռավան Աբասովն է՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակից։ Բողոքում է հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված խնդիրներից։

«Պետությունը բղավում է, որ պետք է հոգ տանել վետերանների մասին։ Հոգ չի տանում, եղբայրներ, երդվում եմ, հոգ չի տանում», –  ասում է  Ռավանը՝ ակցիան լուսաբանելու եկած սակավաթիվ լրագրողներից մեկի տեսախցիկի առջև։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 -ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից զոհվել է 2904 մարդ, հայկական կողմից՝ 3788 մարդ։ Ադրբեջանական կողմից հաշմանդամի կարգավիճակ է ստացել 2772, հայկական կողմից՝ 1494 մարդ։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցներից շատերը բողոքում են, որ չեն կարողանում նպաստ ստանալ, աշխատանքի տեղավորման խնդիրներ ունեն։ Սրան գումարվում է նաև պաշտոնյաների անտաշությունը։

Oxu.az-ը ապրիլի սկիզբին գրել էր ևս մեկ վետերանի մասին։

«Ասում են, թե իմ հիվանդության դեպքում հաշմանդամություն չի նշանակվում։ Ի՞նչ է՝ պետք է մեռնե՞ի», – վրդովվում էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից Դավուդ Բագիրզադեն։ Պատերազմից հետո նա աշխատել չի կարողանում, ասում է՝ ոտքն ու ձեռքը վնասված են։ Պետությունը սոցիալական օգնություն չի տալիս։

2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի վետերաններն Ադրբեջանում ստանում են ամսական 80 մանաթ (շուրջ 50 ԱՄՆ դոլար)։ Պատերազմի հերոսների համար գոյություն ունի հատուկ «նախագահական նպաստ»՝ 2000 մանաթ (մոտ 1080 դոլար), ազգային հերոսների համար՝ 1500- 1800 մանաթ (մոտ 800-1000 դոլար)։ Հաշմանդամության նպաստ 300-400 մանաթ (180-240 դոլար) է կազմում։

Պաշտոնական տվյալներով՝ օգնություն է ցուցաբերվում նաև անվճար բուժման, անվճար ավտոմեքենաների և անվճար բնակարանների տեսքով, բայց այն, նախ, ոչ բոլորին է հասնում, երկրորդը՝ ուղեկցվում է ծանր բյուրոկրատիայով, հաճախ տեղ է հասնում «կիսով չափ»։

Հենց դրանից են բողոքում վետերաններն այս տեսանյութում․ իրենց ընկերներին բուժման էին ուղարկել են Թուրքիա, հետո հետ են բերել՝ բուժումն անավարտ թողնելով։

Պաշտոնական և իշխամամետ լրատվամիջոցներն այդպիսի ակցիաներն ու բողոքները, որպես կանոն, չեն լուսաբանում։ Եթե լուսաբանում էլ են, ապա հայտնելով, որ տվյալ վետերանին արդեն օգնել են (կամ թե ինչու չեն կարող օգնել)։

Այդպես էր նաև Ֆարիզ Աղաևի դեպքում, որը սոցցանցերի միջոցով 2021 թ-ի սեպտեմբերին պետության օգնությունն էր խնդրել։

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը շտապել էր հաղորդել, որ Աղաևին «երեք կով և 400 կգ կեր է տրամադրվել» ընտանեկան տնտեսություն ստեղծելու համար, իսկ «Ֆարիզ Աղաևի հաշմանդամությունը կգնահատեն պատկան մարմինները»։

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ֆեյսբուքում համեմատել էր զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող փոխհատուցումներն/վետերանների նպաստներն Ուկրաինայում, Ռուսաստանում և Ադրբեջանում (ոչ հօգուտ Ադրբեջանի)։ Այնուհետև՝ պատասխանել նախորդ գրառումը քննադատողներին, ավելի ճիշտ՝ իշխանությանը, որի, իր կարծիքով, ուղղորդում է «այդ քննադատներին»՝ իր խոսքերից հետևություն անելու փոխարեն։

Մյուս ընդդիմադիրները վետերանների խնդիրներին ընդհանրապես չեն արձագանքել։

Փոխարենն ակտիվորեն արձագանքել են հակամիլիտարիստները։ Նրանք դեռևս 2020 թ-ի պատերազմի ժամանակ էին դեմ հակամարտության ռազմական լուծմանը, և այժմ իրենց ընդդիմախոսներին կիսահռետորական հարց են ուղղում․ «Արդյո՞ք արժեր զոհաբերել այդքան մարդկանց կյանքն ու առողջությունը, եթե անգամ հիմա ողջ մնացածները ոչ ոքի պետք չեն»։

«Այս կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ ղարաբաղցիների [առաջին պատերազմի ժամանակ – խմբ․] տրավմաները վկայակոչելով՝ նոր պատերազմը լեգիտիմացնելու փորձը սխալմունք էր։ Նախորդը պետք է ոչ թե նոր պատերազմի խթան դառնար, այլ, հակառակը, ծառայեր նույնպիսի վնասների կրկնության կանխարգելմանը», – Ռավան Աբասովի տեսանյութին արձագանքել էր  ակտիվիստ Նուրլանա Ջալիլը, և միանգամից բախվել օգտատերերի բացասկան արձագանքին՝ «ոչ հայրենասիրական» դիրքորոշման համար։