Ադրբեջանում 9 մարդ հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովի, ով երեկ տեղեկացրել էր, որ անցնում է չոր հացադուլի։ Բժիշկները զգուշացրել էին, որ արդեն 39 օր սնունդ չընդունած Ռուստամովը կարող է մահանալ մեկ օրվա ընթացքում, եթե դադարի նաև ջուր խմել։
Սալեհ Ռուստամովին Բաքվի իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությանն ապօրինի ֆինանսավորելու և փողերի լվացման մեջ․ նա դատապարտվել է 7 տարի 3 ամսվա ազատազրկման։ Ադրբեջանցի իրավապաշտպանները և մի շարք քաղգործիչներ սա քրեական հետապնդում են համարում․ դատավճռի հիմքում, ըստ նրանց, հիմնվում է զուտ քաղաքական պատվերի վրա։
Քաղբանտարկյալը շուրջ մեկ ամիս առաջ հացադուլ է հայտարարել՝ իրեն ազատ արձակելու պահանջով։
Ռուստամովի հացադուլին միացածներից չորսը նրա բարեկամներն են, հինգը՝ Ադրբեջանի քաղհասարակության այլ ներկայացուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է նախատեսվում՝ նրան ազատության պահանջով, որը ոստիկանությունն արդեն իսկ սպառնացել է ցրել։
«Ցանկացած չհամաձայնեցված ակցիա կկասեցվի ոստիկանության կողմից», – սպառնացել է Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչ Էհսան Զահիդովը։
Ռուստամովին ազատելու պահանջով կազմակերպված վերջին ակցիայի ժամանակ, հիշեցնենք, ոստիկանությունը բռնություն էր կիրառել ցուցարարների նկատմամբ․ «Ժողովրդական ճակատի» ադամ Տոֆիգ Յագուբլուն դաժան ծեծի էր ենթարկվել։ Ցույցի մասնակիցներից ևս չորսը տարբեր ժամկետներով կալանավորվել էին։
Քաղբանտարկյալին ազատելու կոչ է արել անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը․ «Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը մեզ խորապես մտահոգում են։ Անհրաժեշտ է, որ մարդասիրական կարիքներից ելնելով՝ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեն Ռուստամովին՝ նրան համարժեք բժշկական օգնություն ստանալու հնարավորություն տալով։ Ռուստամովը հացադուլի մեջ է արդեն 35 օր և մահամերձ վիճակում է», – դեկտեմբերի 11-ին թվիթերյան էջում գրել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։