Home / Ոստիկանություն / Բաքվում ուժայինները խոշտանգել են ցուցարարներին

Բաքվում ուժայինները խոշտանգել են ցուցարարներին

Բաքվում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է շուրջ 40 մարդ (այդ թվում՝ տարեց մարդիկ և մեկ անչափահաս), որոնց մի մասին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել։ Այս մասին հաղորդում է Meydan TV-ն։ Ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել, սակայն մի քանիսին դատապարտել են 15-25 օրվա ազատազրկման։

https://twitter.com/MikroskopEng/status/1466017442531061760

Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել 27 օր շարունակ հացադուլ անող քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին, ում Բաքվի իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությանն ապօրինի ֆինանսավորելու և փողերի լվացման մեջ և դատապարտել են 7 տարի 3 ամսվա ազատազրկման։  Բժիշկների խոսքով՝ Ռուստամովի առողջական վիճակը կրիտիկական է, և նրա կյանքին վտանգ է սպառնում։ 

Ծեծի ենթարկվածների մեջ է նաև Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» անդամ, հայտնի ընդդիմադիր գործիչ Տոֆիգ Յագուբլուն, ով ժամանակին ևս Ադրբեջանում ենթարկվել է քրեական (և քաղաքական) հետապնդման և բանտարկվել, սակայն ի վերջո ազատ է արձակվել։

Յագուբլուի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում իրեն առանձնացրել են մյուս ձերբակալվածներից, տարել «հատուկ աշխատասենյակ», ձեռնաշղթաներ հագցրել, գլխին պարկ քաշել ու «անխղճորեն ծեծել»։

«Կարծում էի, թե կսպանեն ինձ», – ասել է ընդդիմադիրը, հավելելով, որ ոստիկաններից մեկն ասել է, թե ինքը «դասը լավ չի սովորել», ինչից հետո նորից ծեծել են, ապա՝ մեքենա նստեցրել ու իջեցրել Բաքվին հարակից գյուղերից մեկում։

Համացանցում լայնորեն շրջանառվում է գործչի՝ ծեծից հետո արված լուսանկարը։

Ծեծել են «Ժողովրդական ճակատի» ևս մեկ անդամի՝ Պաշա Դադաշզադեին, ում ձեռքն այժմ կոտրված է։

Բաքվի ոստիկանությունն, իր հերթին, հերքել է Յագուբլուին բաժնում ծեծի ենթարկելու փաստը։

«Պնդումները, թե  [Տոֆիգ Յագուբլուին] բաժնում ծեծել են, անհիմն են։ Այնուամենայնիվ, չնայած դրան, մեղադրանքները համապատասխան ձևով կքննվեն», – հայտարարել է Ադրբեջանի ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը։