Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը օբյեկտիվ հետաքննություն է պահանջել Նովոսիբիրսկի մոտակայքում 19-ամյա ադրբեջանցի տղայի սպանության վերաբերյալ։
Ադրբեջանցի Վեքիլ Աբդուլաևը սպանվել էր անցյալ կիրակի՝ Տոմսկ֊Նովոսիբիրսկ ճանապարհին, եր Ռուսաստանի ՃՈ աշխատակիցը կանգնեցրել էր իրենց մեքենան՝ փորձել ձերբակալել Վեքիլի ընկերոջը, ինչի հետևանքով ծագած վեճի ընթացքում ոստիկանը փորձել էր ձերբակալել նաև Վեքիլին։ Համացանցում տարածված տեսանյութում, որի հեղինակը Վեքիլի մյուս ընկերն է, երևում է, թե ինչպես է ոստիկանը ադրբեջանցի տղային հենում մեքենայի բեռնախցիկին։ Հաջորդ կադրում Վեքիլն արդեն արյան մեջ է՝ անգիտակից վիճակում։ Հենց կրակելու հատվածը տեսանյութում չկա։ Տղան մահացել էր հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը տեսուչ Ալեքսանդր Գուսևն է։ Վերջինս, Новая Газета-ի փոխանցմամբ, հայտնի է այլ փոխհրաձգություններին ու միջադեպերին իր մասնակցությամբ։ Տեսուչի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ «անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու» և «բռնությամբ և հատուկ միջոցների կիրառմամբ լիազորությունների չարաշահման» հոդվածներով։ Ռուսաստանի ոստիկանությունը հայտարարել է, թե ՃՈ աշխատակիցը «պատահաբար» է կրակել երիտասարդի գլխին։