Սահմանային վերջին միջադեպերից ի վեր տարածաշրջանի ապաշրջափակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում, հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով խմբում գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։
«Բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում», – ասել է փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, օրեր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանքեր։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում նշել էր , որ Հայաստանի տարածքում այդ օրվա դրությամբ գտնվում է մինչև 1000 ադրբեջանցի զինծառայող։