Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը: Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՔրՕրի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Մյուս՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) Սարգսյանին առաջադրվող մեղադրանքը դատարանը համարել է չապացուցված:
Մեղադրանքը Սերժ Սարգսյանի եղբորորդուն առաջադրվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։
2007 թվականի ապրիլի 1-ին 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դրանից հետո ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, հանձնել մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և անզգուշությամբ կրակել ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: Այդպիսով՝ այդ փաստի առթիվ հարուցված քրգործը մոտ 2 ամիս անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
2018-ի հուլիսի 3-ին, սակայն, գլխավոր դատախազը հանձնարարել էր վերսկսել գործի նախաքննությունը՝ պայմանավորված նոր ի հայտ եկած հանգամանքներով։ Արդյունքում պարզվել էր, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Արթուր Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։ Իսկ դեպքը տեղի էր ունեցել երրորդ նախագահի եղբորորդու բնակության վայրի նկուղային հարկում։
Տուժողի հոր՝ Աշոտ Սիմոնյանի 2020 թվականին հրապարակված ցուցմունքի համաձայն՝ որդին դեռ հիվանդանոցում էր իրեն հայտնել, որ կրակողը Հայկ Սարգսյանն է, սակայն զգուշացրել էր, որ «գործ չունենա» Ալեքսանդր Սարգսյանի և իր ընտանիքի հետ, քանի որ նրանք «վտանգավոր» են։
Բացի այդ, Աշոտ Սիմոնյանն իր նախնական ցուցմունքում նշել էր, որ դեպքից հետո իրեն հանդիպման է հրավիրել Ալեքսանդր Սարգսյանը, բայց ինքը հրաժարվել է Սարսգսյանի հետ զրույցից, փոխարենը վերջինիս հարևանն ու խնամին տուժողի հոր հետ են հանդիպել և փող առաջարկել՝ լռության դիմաց:
«Խոսակցության ժամանակ Աբոն և Սյոման ինձ ասացին, որ տեղյակ են, որ ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, որ Հայկն է կրակել Դավիթի վրա, որը, ըստ նրանց, եղել է պատահական: Բացի այդ, նշեցին, որ ինչ եղել է՝ թող անցած լինի, ինչպես նաև պարտավորվեցին կատարել բոլոր ծախսերը և հոգալ կարիքները: Դրանից հետո որոշ ժամանակ անց Դավիթի կողմից իրականությունը չպատմելու և չբողոքելու դիմաց նրան նշանակեցին Ալեքսանդր Սարգսյանին պատկանող «Աղվերան ռեզորթ» առողջարանում որպես տնօրեն, որից հետո այդ ամենը մոռացվեց, մինչև այս վերջերս: Իրականում որդուս կրակել է Հայկ Սարգսյանը», – ասել էր Աշոտ Սիմոնյանը։ Դավիթն ընդունել էր աշխատանքի առաջարկը և համաձայնել լռել։
Տուժող Դավիթ Սիմոնյանը, իդեպ, հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով և մի քանի ընտրություններում եղել է ՀՀԿ վստահված անձ։ Նա ծաղրել է ընդդիմադիր վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին, սպառնալիքներ հնչեցրել լրագրողների հասցեին։ Հեղափոխությունից հետո, սակայն, Սիմոնյանը փոխել է իր նախկին ցուցմունքները և հայտարարել, որ իր վրա կրակել է հենց Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ նախկին նախագահի մյուս եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, առևանգման և մի շարք այլ հանցանքների մեջ։ Շուրջ մեկ տարի տևած հետախուզումից հետո Սարգսյանը Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերվել էր 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Պրահայում՝ Արգենտինայի կեղծ անձնագրով՝ «Ֆրանկլին Գոնսալես» ամվամբ։ Հայաստան տեղափոխվելուց հետո Սարգսյանը կալանավորվել էր, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով: