Home / Վերլուծություն / Ի՞նչ է Թուրքիան ուզում Ֆինլանդիայից, Շվեդիայից ու քրդերից

Ի՞նչ է Թուրքիան ուզում Ֆինլանդիայից, Շվեդիայից ու քրդերից

«Մենք ասել ենք, որ այս երկրները (Ֆինլանդիան և Շվեդիան – խմբ․) պետք է ընտրություն կատարեն ահաբեկչական կազմակերպություններին գործնական ու քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ՆԱՏՕ-ին անդամակցության համար Թուրքիայի համաձայնությունն ակնկալելու միջև», – նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Վերջինս նշել է, որ երկրի հարավային սահմաններին «ահաբեկչության» դեմ պայքարելու համար «նոր քայլեր են ձեռնարկվում արդեն սկսված աշխատանքի՝ հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգ գոտիներ ստեղծելու ուղղությամբ»․ «Տարածքները, որոնք հաճախակի հարձակումների, ոտնձգությունների և թակարդների հիմնական թիրախն են, մեր օպերացիաների առաջնահերթությունն են։ Այս օպերացիաները կսկսվեն այն ժամանակ, երբ մեր ռազմական, հետախուզական և անվտանգության միավորումներն ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները»։

Ի՞նչ ահաբեկչական խմբավորումների մասին է խոսքը, ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ աշխարհի ամենաչեզոք երկրներից երկուսը, ի՞նչ է Թուրքիան ի վերջո ուզում

Թուրքիայի իշխանությունները արդեն բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի որ նրանք ապաստարան են տվել «ահաբեկիչների»։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է այդ թվում նաև թուրքական ուժերի դեմ: Թուրքիան քրդական շարժումն առաջնորդող քաղաքական միավորների մեծ մասին ահաբեկչական է հռչակել։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Թուրքիան նոր «ռազմական օպերացիա» էր սկսել Իրաքի հյուսիսային հատվածում ընդդեմ PKK-ի՝ հրթիռակոծելով, ըստ պաշտոնական տեղեկությունների, քուրդ զինյալների (PKK անդամների) ապաստարանները, բունկերները, քարայրերը, թունելները, զինամթերքի պահեստները և այսպես կոչված շտաբները։  

Ըստ Միջազգային Ճգնաժամային խմբի տվյալների՝ 1984 թվականից ի վեր PKK-ի և թուրքական կառավարության միջև մարտերում զոհվել է 30 000-ից 40 000 մարդ։ 

Վերջին «սպեցօպերացիան» գրեթե չի լուսաբանվում միջազգային մամուլի կողմից։ Զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական զոհերի, և էթնիկ զտումների մասին հստակ տվյալներ չկան։

PKK-ն «ահաբեկչական կազմակերպություն» է համարվում ոչ միան Թուրքիայում, այլև ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրամիության կողմից: Ընդորում, Շվեդիան առաջին երկրներից մեկն էր, որ 1984 թվականին այն որակեց որպես այդպիսին։

Այնուամենայնիվ, Թուրքիան պնդում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան աջակցում և պաշտպանում են PKK-ի անդամներին։ Վերջիններս հերքում են դա՝ ասելով, որ աջակցում են քրդերին, որոնք PKK-ի կազմում չեն/PKK-ի հետ կապ չունեն։

Սիրիայի քուրդ մարտիկները, որոնք կապված են PKK-ի հետ, մեծ դեր են ունեցել ISIS-ի (ահաբեկչական կազմակերպություն Իրաքում և Սիրիայում) դեմ պայքարում։ Քուրդ մարտիկներին զինել են Միացյալ Նահանգները, Եվրոպան՝ ներառյալ Շվեդիան: Սա առաջացրել է Թուրքիայի բարկությունը, որն աջակցում է Սիրիայի իսլամիստներին և քրդերի կոտորածին։

Արևմտյան կառավարությունները ողջունում էին քուրդ մարտիկներին որպես դաշնակիցների, ԵՄ մի շարք երկրներ տարատեսակ էմբարգոներ (որևէ բանի արտահանման ու ներմուծության արգելք) են կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի քուրդ ռազմիկներին թիրախավորելու պատճառով։ 

Շվեդիան քուրդ փախստականներին և ապաստան հայցողներին, մասնավորապես՝ քաղաքական փախստականներին ընդունելու երկարամյա պատմություն ունի: Մի քանի քրդեր նույնիսկ տեղ ունեն Շվեդիայի խորհրդարանում։

Շվեդիայում բնակվող քրդերի մեծ մասը՝ մոտ 100 000 հոգի, կապ չունեն PKK-ի հետ։ Այնուամենայնիվ, Շվեդիայի կառավարությունն աջակցել է քրդական այլ կազմակերպությունների անդամներին, մասնավորապես PKK-ի Սիրիայի մասնաճյուղի քաղաքական թևին, որը կոչվում է PYD:  Շվեդիան պնդում է, որ PKK-ն և PYD-ն տարբեր են, Թուրքիան այդ տարբերույթունը չի ճանաչում։

«Թուրքիան հիմնականում բոլոր քրդական խմբավորումներին դասում է որպես PKK-ի ճակատային կազմակերպություններ՝ ներառյալ Թուրքիայում PKK-ի մաս չկազմող քուրդ անհատներին ու կազմակերպություններին, ինչպես նաև Արևմուտքի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) ու մի շարք Իրաքի քրդական խմբավորումներին», – ասել է Պարսից ծոցի Արաբական երկրների ինստիտուտի գիտնական Հուսեյն Իբիշը։ 

Ստոկհոլմը նաև քաղաքական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի դեմոկրատական խորհրդին (SDC), որը SDF-ի քաղաքական թևն է՝ քրդերի գլխավորությամբ զինված խմբավորում, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Սիրիայում ISIS-ի դեմ պայքարելու համար: Անկարան ասում է, որ SDC-ում գերակշռում են PKK-ի «ահաբեկիչները»։

Ֆինլանդիան շատ ավելի քիչ քուրդ բնակչություն ունի, քան Շվեդիան, բայց երկրների արտաքին քաղաքականությունը նման է իրար։ Ֆինլանդիան, նույնպես, որակել է PKK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն միացել է Շվեդիային և մնացած ԵՄ երկրներին՝ 2019 թվականին դադարեցնելով զինամթերքի վաճառքը Թուրքիային և դատապարտելով Անկարայի Սիրիայում քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները։ 

Էրդողանը որպես ՆԱՏՕ-ի անդամակցության նախապայման պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան արտահանձնեն Թուրքիա քրդերին (ավելի քան 30 հոգի), ովքեր մեղադրվում են ահաբեկչության մեջ։ Նա նաև ցանկանում է, որ երկրները պաշտոնապես հրաժարվեն PKK-ի և դրա մասնաճյուղերին աջակցելուց, ինչպես նաև չեղարկեն Թուրքիայի վրա դրված էմբարգոն։ 

Քուրդ ժողովուրդը աշխարհի ամենամեծ էթնիկ խումբն է, որ զրկված է պետականությունից՝ մոտ 30 միլիոն մարդ: 

Թուրքիայի 84 միլիոնանոց բնակչության գրեթե 20%-ը քուրդ է, որոշ քրդեր զբաղեցնում են կարևոր պաշտոններ Թուրքիայի քաղաքականության և հասարակության մեջ՝ իհարկե թուրքական պետության կողմից խտրականության ու ճնշումների ենթարկվելով: 1923 թվականից՝ Թուրքիայի նոր պետության հիմնադրումից ի վեր, քրդերը էթնիկ զտումների ու ջարդերի զոհ են դարձել։ 

Տարածված լինելով Թուրքիայիում, Սիրիայում, Իրաքում և Իրանում՝ քրդերը ենթարկվել են ծանր հալածանքների, մարգինալացվել և ցեղասպանության զոհ են դարձել այն երկրներում, որտեղ ապրում են (օրինակ՝ 1980-ականների վերջին Իրաքում Սադամ Հուսեյնի քիմիական գազով հարձակումները, որոնք սպանեցին մոտ 200 000 քրդերի): Քրդական տարբեր խմբեր տասնամյակների ընթացքում առաջ են քաշել քրդական ինքնավարության և պետականության հարցը, որոշները՝ օրինակ PKK-ն՝ զենքի միջոցով: