Արևմտյան 7 պետությունների՝ Անկարայում գործող դեսպանությունները հայտարարել են, որ պատրաստ են հետևել թուրքական օրենքներին և չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին։ Մեկ շաբաթ առաջ նրանք կոչ էին արել թուրքական իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալ Օսման Քավալային, ինչից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը սպառնացել էր արտաքսել նրանց։
Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները Twitter-ում նույնաբովանդակ գրառումներ են կատարել։ Հոկտեմբերի 18-ի համատեղ հայտարարությանը վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ դեսպանները «վերահաստատել են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին», որով սահմանվում է ընդունող պետության օրենքներն ու որոշումները հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու պարտականությունը։
Հոկտեմբերի 18-ին արևմտյան 10 երկրների դեսպաններ կոչ էին արել ազատ արձակել արդեն ավելի քան 4 տարի կալանքի տակ պահվող իրավապաշտպան, գործարար Օսման Քավալային։ Վերոհիշյալ 7 երկրներից բացի՝ հայտարարությանը միացել էին նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները։
Հայտարարությունից հետո նրանք հրավիրվել էին ԱԳՆ՝ բացատրություն տալու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե կարգադրել է «պերսոնա նոն գրատա» ճանաչել բոլոր դեսպաններին, որոնք միացել են Քավալային ազատ արձակելու պահանջով հայտարարությանը, և սպառնացել էր արտաքսել նրանց։
«Քնում զարթնում Քավալայի անունն են տալիս, – Էսքիշեհիրում հայտարարել էր Էրդողանը․ – Այդ Քավալա կոչվածը Սորոսի թուրքական մասնաճյուղն է: Տասը դեսպան նրա համար գալիս են ԱԳՆ: Սա ի՜նչ անքաղաքավարություն է»։
Դեսպանների այս նոր հայտարարությունը թուրքական մամուլը հետքայլ է համարում՝ հոկտեմբերի 18-ին նրանց իսկ արտահայտած դիրքորոշումից: Կառավարամետ «Anadolu»-ն էլ՝ վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի նախագահը գոհ է․ դեսպանների գրառումները «դրական է գնահատում»: