«Այսօր մենք եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ և ասում ենք՝ դատապարտում ենք ԱՄՆ ղեկավարությանը, որ քրդերին թողեց մեն֊մենակ թուրքերի թնդանոթների դեմ»։ Հայաստանի քրդական համայնքի բողոքի ցույցի ժամանակ այս մասին հայտարարեց համայնքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը: Նախ, քրդերեն լեզվով, հետո՝ հայերեն ելույթ ունեցող Հասանովի խոսքին զուգահեռ լսվում էին հավաքվածների «Էրդողան՝ տեռորիստ», «Էրդողան՝ ֆաշիստ» վանկարկումները։
Տասնյակ հայաստանցի քրդեր՝ հայկական և քրդական դրոշներով, Թուրքիայի ռազմական ագրեսիան դատապարտող և խաղաղ բնակչության կոտորածը պատկերող պաստառներով, հոկտեմեբրի 15-ին հավաքվել էին ամերիկյան դեսպանատան մոտ՝ դատապարտելու Ամերիկայի Միացյալ Նահանագների ղեկավարության որոշումը՝ հետ կանչել ամերիկյան զորքերը թուրք֊սիրիական սահմանից։
Սպիտակ տան այս որոշմանը անմիջապես հաջորդեց թուրքական զինուժի լայնամասշտաբ հարձակումը քրդական զինված խմբավորումների և խաղաղ բնակչության վրա։ Ամերիկյան զորքերի հետկանչի հետևանքով իսլամիստների դեմ պայքարում ԱՄՆ գործընկեր համարվող Սիրիայի քրդերը զրկվեցին Անկարայի հետ հարաբերություններում ամերիկյան աջակցությունից և հայտնվեցին մեն֊մենակ՝ թուրքական զինուժի դիմաց։ Օրեր շարունակ քրդական բնակավայրերը հրետակոծման էին ենթարկվում։
«Գերտերությունները՝ ելնելով իրենց շահերից, ելնելով իրենց նավթային շահերից, ելնելով իրենց զենքը վաճառելու շահերից՝ ինչպես իսլամիստներին, այնպես էլ Սիրիայի կառավարությանը, քրդերին և բոլորին, իրենց իշխանությունն են ամրապնդում և հարստացնում, իսկ քուրդ ժողովուրդը թափում է իր անմեղ արյունը։
Մենք դատապարտում ենք գերտերություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ հովանավոր էր կանգնել քրդերին և հորդորում էր առաջ շարժվել, առաջ գնալ՝ իսլամիստների դեմ կռվելու, և այսօր նրանց թողեց մեն-մենակ թուրքական իշխանության թնդանոթների դեմ», ֊ ասաց Հասանովը։
Նա ընդգծեց՝ խաղաղ բնակչության այս կոտորածը տեղի է ունենում գերտերությունների թողտվությամբ և լուռ համաձայնությամբ՝ ինչպես հիմա, այնպես էլ երկու տարի առաջ՝ քրդական Աֆրին քաղաքի գրավման ժամանակ։
«Մենք կոչ ենք անում աշխարհի խաղաղասեր ժողովուրդներին, կոչ ենք անում միջազգային ճիշտ հանրությանը, որ բռնեն թուրքերի այս մարդասպան, ցեղասպան ձեռքը և քրդերին թողնեն իրենց բնակավայրերում», ֊ ասաց Հասանովը։
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին: