Home / Հայաստան / Հայաստանն արտահայտվել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին

Հայաստանն արտահայտվել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն ներխուժումը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ես ուզում եմ ընդգծել. ինչպես տեղյակ եք, ՀՀ-ը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը: Ես կարծում եմ՝ իմաստ ունի, որ այսօր՝ կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո, մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ», – նկատել է կառավարության ղեկավարը։

Ավելի վաղ Թուրքիայի գործողությունները դատապարտել էր նաև ՀՀ արտգործնախարարությունն՝ ընդգծելով, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

«Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», ֊ ասված է հայտարարության մեջ։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են հայտնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը։

«Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», ֊ տեղեկացրել է պատգամավորը «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով։