Home / Ազգային ժողով / Իրաքում ցուցարարները երգեցին-պարեցին խորհրդարանի շենքում

Իրաքում ցուցարարները երգեցին-պարեցին խորհրդարանի շենքում

Բաղդադում շիա հոգևորական Մուքթադա ալ-Սադրի հարյուրավոր աջակիցներ գրավել են խորհրդարանի շենքը։ Նրանք դեմ են, որ երկրի վարչապետ նշանակվի Մոհամեդ ալ-Սուդանին և համարում են նրան Իրանի դրածոն։ Ներխուժման ժամանակ խորհրդարանի շենքում պատգամավորներ չեն եղել։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուստաֆա ալ-Քադիմին պահանջել է, որ ցուցարարները լքեն տարածքը, ոստիկանությունն, իր հերթին, արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել նրանց նկատմամբ, սակայն վերջիններս շարունակել են աղմկել, ծածանել դրոշները, երգել ու պարել։

Իրաքում 9 ամիս առաջ խորհրդարանական ընտրություններ էին․ ձայների հարաբերական մեծամասնությամբ հաղթեց «Սադրիստների շարժումը»՝ Մուքթադա ալ Սադրի գլխավորությամբ, պրո-իրանական կուսակցությունը պարտվեց։ Սադրը, սակայն, չկարողացավ գալ իշխանության․ շիաների և քրդերի խմբավորումները համաձայնության չեկան։ Հուլիսի 27-ին Իրաքում նոր հակառեկորդ սահմանվեց. երկրում 290 օր է չկա լիարժեք կառավարություն։ 

Ընտրություններում հաղթած Սադրի կուսակցությունը ցանկանում է վերջ դնել ԱՄՆ-ի և Իրանի վերահսկողությունն ու ազդեցությունը Իրաքի ներքին գործերի վրա։ Սադրը չի ցանկանում աշխատել իր մրցակիցների, այդ թվում՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամեդ ալ-Սուդանի հետ՝ պատճառաբանությամբ, որ նա չափազանց «մոտ» է Իրանին:

Լիարժեք կառավարության բացակայության պայմաններում Իրաքը այս տարի մնացել է առանց հաստատված բյուջեի, իսկ երկրի ենթակառուցվածքային բարեփոխումներն ու ծրագրերը՝ առանց ֆինանսավորման։ 

Զանգվածային բողոքի ցույցեր Իրաքում հաճախ են լինում։ Վերջինը 2019 թվականին էր՝ կոռուպցիայի ու գործազրկության հանրային զայրույթի ֆոնին: Ուժայիններն այն ժամանակ սպանեցին հարյուրավոր ցուցարարների՝ Human Rights Watch-ի տվյալներով։