Մեկ շաբաթ առաջ հաստատվեց պատերազմի մասնակիցներին մասնագիտական վերապատրաստմանն ու աշխատանքի տեղավորմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, ըստ որի, 2016 և 2020 թվականների պատերազմներին մասնակցած անձինք աշխատանքի տեղավորվելու հնարավորություն կստանան։ Ծրագրի մանրամասները «Պատերազմի մասնակիցներին մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը» թեմայով ասուլիսի ընթացքում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Այս նպատակով մենք մի քանի ուղղություններով աջակցություն ենք նախատեսում ինչպես պատերազմին մասնակցած գործազուրկներին, այնպես էլ գործատուներին։ Մի կարևոր պահանջ է նախատեսված․ անպայման պետք է գործատուն ունենա թափուր աշխատատեղ, դիմի այդ թափուր աշխատատեղը համալրելու համար, և մենք, ֆինանսապես աջակցություն ցուցաբերելով, կարողանանք օգնել պատերազմի մասնակցին աշխատանքի տեղավորվել։
Գործատուն պետք է նաև ներկայացնի իր պահանջները այդ թափուր աշխատատեղի հետ կապված, այսինքն՝ ի՞նչ մասնագետ է ինքը ակնկալում, որ այդ թափուր աշխատատեղը պետք է զբաղեցնի։ Մենք արդեն մեզ մոտ ունեցած բազայից, որտեղ հաշվառված են գործազուրկները, կարողանում ենք դուրս բերել անձանց, ովքեր կբավարարեն գործատուի պահանջներին, ցուցակ ենք կազմում և ուղարկում գործատուին, ով, օրինակ, հարցազրույցի միջոցով ընտրում է, թե կոնկրետ ո՞ւմ հետ է ցանկանում լինել աշխատանքային հարաբերությունների մեջ, դիմում է Միասնական սոցիալական տարածքային կենտրոն, որպեսզի կնքվի պայմանագիր, որով կսկսվի համագործակցությունը գործազուրկի և մեր տարածքային կենտրոնի միջև։
Գործատուն ասում է նաև, թե ո՞ր տարբերակով է ցանկանում, որ այդ համագործակցությունը ստացվի», – մասնավորապես, պատմել է Սարգսյանը։
Նախքան գործազուրկի՝ իր մոտ աշխատանքի անցնելը, գործատուն ուսուցում է առաջարկում․ «Օրինակ, հարցազրույցի ընթացքում գործատուն տեսնում է, որ լավ կլինի՝ շահառուն մի քանի ամիս սովորի և նոր գա իր մոտ աշխատելու։ Այս պարագայում նա ունի երեք հնարավորություն, օրինակ, հենց իր մոտ ուսուցանելու։ Դա հնարավոր է, երբ գործատուն ունի ուսումնական կենտրոն։
Երկրորդ տարբերակն է, երբ գործատուն ասում է՝ ցանկացած տեղ թող ուսուցանի, ընդամենը իմ պահանջներին բավարարի։
Երրորդ տարբերակն էլ՝ գործատուն ինքն է ասում, թե որտեղ գնա, այսինքն՝ ինքն ուղղակի գիտի, որ ինչ-որ մի տեղ լավ են վերապատրաստում և առաջարկում է, որ մենք հենց այդտեղ ուղարկենք անձին»։
Վարչության գործառույթն է՝ այդ ուսուցման կազմակերպումը, տվյալ պարագայում ևս աջակցություն է նախատեսվում․
«Առաջին հերթին, աջակցություն է ցուցաբերվում հենց շահառուին։ Ուսուցման համար նախատեսված է մինչև 5 ամիս ժամանակ՝ կախված նրանից, թե ի՞նչ ծրագիր է ընտրվում, ո՞ր ոլորտում պետք է ուսուցանվի շահառուն։ Յուրաքանչյուր ամսվա ուսուցման համար պետության կողմից վճարվում է առավելագույնը 50 000 դրամ։ Շահառուն գնում է դասընթացի, վճարում դասընթացի համար, ներկայացնում է մեզ վճարման չեկը և մենք փոխհատուցում ենք։
Եվ այդպես 5 ամիս շարունակ։
Բացի այդ, քանի որ շահառուն այլ ծախսեր էլ է ունենում, օրինակ, տրանսպորտային, ընդմիջման հետ կապված ծախսեր, մենք այդ ժամանակահատվածում նախատեսում ենք իրեն կրթաթոշակ տալ՝ յուրաքանչյուր ամիս 34 հազար դրամ։
Ինչո՞ւ 34, որովհետև այս պահին նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը»։
Դասընթացի ավարտից հետո շահառուն գործատուին է ներկայացնում համապատասխան վկայականը, և գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել՝ առնվազն մեկ տարի ժամկետով։
«Պայմանագիրը կնքելուց հետո մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել արդեն գործատուին․ մեկ տարի շարունակ իր փոխարեն վճարում ենք հարկերը։ Ինքն աշխատավարձ է տալիս, մենք այդ աշխատավարձի հարկերն ենք տալիս՝ ոչ ավել, քան յուրաքանչյուր ամսվա համար 50 հազար դրամի սահմաններում»։
Գործատուի ծախսերը պետությունն է հոգում նաև եկամտային հարկի, սոցիալական ու դրոշմանիշային վճարների մասով։
Գործատուն կարող է նաև պրակտիկայի տարբերակն ընտրել՝ փորձի ձեռքբերում հենց իր մոտ։ Այդ դեպքում գործատուն բավարար է համարում մի քանի ամսվա պրակտիկան։
«Պրակտիկայի ժամանակահատվածը առավելագույնը երեք ամիս է տևելու, այդ երեք ամսվա աշխատավարձը մենք ենք վճարելու՝ յուրաքանչյուր ամսվա համար 68 հազար դրամ, նաև վճարելու ենք հարկերը»։ Այս դեպքում ևս մեկ տարվա աշխատանքային պայմանագիրը պարտադիր պայման է։
Երեք ամիս անց, երբ պետությունն այլևս 68 հազար դրամը չի տրամադրի, 9 ամիս շարունակ, այնուամենայնիվ, կշարունակի հարկերը փոխհատուցել՝ առավելագույնը 50 հազարի չափով, քանի որ կողմերը պետք է դեռ 9 ամիս աշխատանքային հարաբերություններ ունենան։ «Որպեսզի գործատուն նաև չկաշկանդվի, եթե ցանկանա բարձրացնել աշխատավարձը», – նկատել է Սարգսյանը։
Եթե գործատուն գտնում է, որ շահառուն պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման կարիքը չունի, պետությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում՝ 300 հազար դրամի սահմաններում։ Պայմանը՝ մեկ տարվա պայմանագրի առկայություն։
«Եթե գործատուն պայմանագիրը մեկ տարով չկնքեց կամ ընթացքում հրաժարվեց, կամ ժամանակից շուտ լուծեց պայմանագիրը, մենք ունենք հետգանձման մեխանիզմներ։ Խաղի կանոնները մենք նախապես ենք սահմանում, գործատուները նախապես իրազեկ են, որ եթե ստացան աջակցություն, ապա իրենցից շատ բան չի գնում, բացի նրանից, որ մեր շահառուների հետ պահպանեն առնվազն մեկ տարի աշխատանքային հարաբերությունները»։
Ընթացքում ծրագիրը մշտադիտարկվելու է, որպեսզի ծագող խնդիրներն արագ արձագանք ստանան․ «Ծրագիրը առաջին անգամ է իրականացվում, բնականաբար, ընթացքում կարող է որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն առաջանալ»։