Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել են Սոչիում: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ առաջնորդները բանակցելու են Ուկրաինայի, ուկրաինական նավահանգիստներից պարենամթերքի արտահանման, թուրքական «Բայրաքթարների» մատակարարման, Սիրիայում պատերազմի ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին։
Բանակցությունները բաժանված են երկու մասի՝ բաց ու փակ։ Բաց մասում Ղարաբաղի իրավիճակի մասին ոչ մի խոսք չկար։ Հայտարարվել էր, որ մամուլի ասուլիս քննարկումներից հետո չի լինելու։ Բանակցությունների հայտնի արդյունքները՝ ստորև․
Սիրիայի հարցը
Երկու նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։ «Այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ Թուրքիան աջակցում է Սիրիայի հակառակավարական, Ռուսաստանը՝ կառավարական ուժերին։ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնություններն այդքան էլ լավ չեն իրագործվում, պարբերաբար տապալվում են։
Անկարան Սիրիայի հյուսիսարևելքում նոր ռազմական օպերացիա է նախատեսում ընդդեմ քրդական ուժերի։ Մոսկվան նախօրոք հայտնել էր իր դիրքորոշումը՝ դեմ են «սիրիական կարգավորման բազային սկզբունքների խախտմանը»:
Առևտրատնտեսական կապեր
«Թուրքական հոսքը» Եվրոպա ռուսական գազի մատակարարման կարևորագույն ուղիներից է։ Այն աշխատում է անխափան, եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային, ասել է Պուտինը։
Նախագահները քննարկել են նաև «Ակկույու» ատոմակայանի շինարարությունն ավարտելու նախագիծը։ Հիշեցնենք՝ Ռուսաստանը Թուրքիայում 22 միլիարդ դոլարանոց ատոմակայան է կառուցում (առաջինը երկրում), որն ապահովելու է Թուրքիայի էներգիայի կարիքների 10%-ը։
Պուտինը ընգծեց՝ Թուրքիայի ու Ռուսաստանի «ապրանքաշրջանառությունն աճել է 57%-ով, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ ներառյալ մինչև մայիս, կրկնապատկվել է»։
«Թուրքիան և Ռուսաստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում», – հայտարարել է Էրդողանը` պարզաբանելով, որ նկատի ունի էներգետիկ համագործակցության, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության և տարածաշրջանային հարցերը։
Ուկրաինական հացահատիկ
Պուտինն անձամբ շնորհակալություն է հայտնել Էրդողանին հացահատիկի, այդ թվում՝ ռուսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման գործում ունեցած դերի համար։
Չնայած Ռուսաստանը պնդում էր, որ չի միջամտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը, Կիևը երկար ժամանակ հրաժարվում էր սկսել այդ գործընթացը։ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հնարավոր եղավ լուծել այդ խնդիրը. հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց միջազգային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման փաստաթղթերի փաթեթը։
Ռուսաստանն ու Թուրքիան ունեն մի շարք տարաձայնություններ, այնուամենայնիվ, նախագահները կարող են ընդհանուր հայտարարի գալ որոշ նախապայմանների դիմաց։ Որո՞նք են այդ նախապայմանները և ի՞նչ հույսեր են կապում երկրներն իրար հետ։
Թուրքիայի հույսերը
Ռուսաստանի ու Թուրքիայի վերջին հանդիպման ժամանակ՝ հուլիսի 19-ին Իրանում, Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ու Վլադիմիր Պուտինը, կարելի է ասել՝ ճնշում էին գործադրում Էրդողանի վրա, որ նա հաշտվի Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի հետ։ Մոսկվայի և Թեհրանի կարծիքով՝ Անկարան պետք է ազատի սիրիական տարածքի գրեթե 10%-ը, որը օկուպացրել է մի շարք ռազմական օպերացիաներից հետո։ Սիրիայի հարցը, իհարկե, Էրդողանի ցավոտ տեղն է, քանի որ ապագա ընտրությունների (2023թ․-ին) նախաշեմին նրան շտապ անհրաժեշտ են խոշոր արտաքին քաղաքական հաղթանակներ՝ ընկած վարկանիշը բարձրացնելու համար։
Թուրքիայի տնտեսությունը, կարելի է ասել, գտնվում է կոլապսի եզրին։ Տարեսկզբին տարեկան գնաճը հասել էր վերջին 20 տարվա առավելագույնին, գործազրկության մակարդակն այժմ 20% է (մինչև 30 տարեկանների շրջանում՝ 45%), առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գներն աճել են գրեթե 30-50%-ով, իսկ թուրքական լիրան կրկնակի արժեզրկվել է։
Կրեմլը կարող է թուլացնել այս անկայունությունը, հատկապես՝ բնական գազի միջոցով: Ռուսաստանն անցյալ տարի մատակարարել է Թուրքիային երկրի գազի 45%-ը։
Ռուսաստանի հույսերը
Մոսկվան ցանկանում է ամրապնդել տնտեսական կապերը Անկարայի հետ՝ փորձելով շրջանցել արևմտյան պատժամիջոցները, գրում է ամերիկյան The Washington Post թերթը։ Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կհամաձայնի նոր ուղիների, որոնք կօգնեն խուսափել բանկային, էներգետիկ և արդյունաբերական ոլորտների սահմանափակումներից։
Հուլիսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիմիր Պուտինը հույս ունի համագործակցել թուրքական ավիաշինական Baykar Makina կազմակերպության հետ, որի ամենահայտնի արտադրանքը «TB2 Բայրաքթարներն» են՝ այս պահին Ուկրաինայում ռուսական ուժերին դիմադրող։ «Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել Baykar ընկերության հետ։ Նա առաջարկեց գործարան ստեղծել նաև Ռուսաստանում, այնպես ինչպես արեցին Արաբական Միացյալ Էմիրություններում», – հայտարարել էր Էրդողանը։
Մյուս կողմից, իհարկե, Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կվնասի Թուրքիայի ու Արևմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Արդյո՞ք, Էրդողանը պատրաստ է գնալ նման ռիսկի որոշակի նախապայմանների դիմաց, օրինակ՝ Սիրիայում ռազմական օպերացիայի շուրջ Ռուսաստանի աջակցությունը ստանալը, պարզ չէ։
Էրդողանը Պուտինի ամենահավատարիմ դաշնակիցներից է։ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ կիրառված արևմուտքի պատժամիջոցներին։ Այնուամենայնիվ, Էրդողանը դե-էսկալացիայի կողմնակից է, քննադատել է Ռուսաստանի «հատուկ օպերացիան» և բազմիցս առաջարկել՝ միջնորդել Ռուսաստան-Ուկրաինա բանակցային գործընթացները։ Ռուս-ուկրաինական վերջին բանակցությունները (մարտի վերջին) Թուրքիայում էին անցկացվում։