«Թուրքիան զարգացնում է իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT ազգային հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի «կարմիր գիծը» Ադրբեջանն էր։ Եվ Թուրքիան պատրաստ է բացել «իր դռները» միայն ադրբեջանական հարցի լուծումից հետո։
«Ես գոհ եմ նաև, որ Փաշինյանը կիսում է մեր տեսակետը՝ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության վերաբերյալ։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք կոնկրետ քայլեր կձեռնարկեն հայտարարություններից բացի։ Մենք լուրջ ու վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
Էրդողանը նաև հիշեցրել է Թուրքիայում ապրող հայերի մասին, – «ներկայումս Թուրքիայում շուրջ 100 000 հայ է ապրում»։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփումներ չեն եղել․ Էրդողան-Փաշինյանը առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման մասին։ Քննարկել են նաև հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հուլիսի 1-ին արդեն չորրորդ հանդիպումն էին անցկացնում Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։
Թուրքիա-Ռուսաստան
Արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անպատշաճ է, հայտարարել է Էրդողանը։
«Լավ գիտեք՝ ինչ վերաբերմունք ունեն արևմտյան քաղաքական գործիչները Պուտինի նկատմամբ։ Դա հարիր չէ քաղաքականությանը։ Ինչ վերաբերմունք ցույց տաք նրան, այն էլ կստանաք»։
Էրդողանը հիշել է նաև մի շաբաթ առաջ տեղի ունեցած իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Աստանայի ձևաչափի» շրջանակներում։
«․․․Ես կարող եմ վստահ ասել, որ դա պոզիտիվ հանդիպում էր։ Իհարկե կան նեգատիվ պայմաններ՝ պայմանավորված պատերազմով և որոշակի տարաձայնություններ մեր միջև…», – ասել է Ռեջեփ Էրդողանը։
Նախագահի խոսքով՝ Թեհրանի բանակցությունների օրակարգի առաջնահերթ թեման ահաբեկչության դեմ պայքարն էր։
«Սիրիան դարձել է ահաբեկչական կազմակերպությունների բուն։ Ուստի և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը պետք է որոշեն իրենց դիրքորոշումները Սիրիայի հարցում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները հանդիպեցին Թեհրանում՝ երկկողմ ու եռակողմ բանակցություններ վարելու․ հիմնական օրակարգը Սիրիայի իրավիճակի քննարկումն էր։
Թուրքիա-ՆԱՏՕ
PKK-ն (քրդական աշխատավորական կուսակցություն), YPG-ն (PKK-ի սիրիական մասնաճյուղը), PYD-ն (YPG-ի քաղաքական թևը) և FETÖ-ն (2016թ.-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարած խմբավորում) ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ ներառելը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի հաջողություններից է, հայտարարել է Էրդողանը։
«Մենք զգուշացրել ենք, որ մեզանից զիջումներ չսպասեն» Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված։
Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու դադարեցման համար։
Նախագահի խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարում վերահսկվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և համապատասխան կառույցների կողմից։
«Այս երկրների հետ կայանալիք համատեղ մեխանիզմի հանդիպումներում կցուցադրվի ահաբեկչությանը աջակցության դադարեցման ուղղությամբ ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի ամբողջ հաշվետվությունը»։
Թուրքիա-Ուկրաինա
Թուրքիայի նախագահը կոչ է արել բոլոր կողմերին (Ռուսաստանին ու Ուկրաինային) կատարել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման մասին համաձայնագրի պայմանները և հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին։
Էրդողանը հիշեցրել է, որ հացահատիկի խնդրի շուրջ ինտենսիվ երկխոսության արդյունքում Թուրքիային հաջողվել է համաձայնագիր ստորագրել Սև ծովով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման մասին։ Ծրագրի հաջող իրականացումը կնվազեցնի պարենի համաշխարհային ճգնաժամի հետևանքները։
Անկարայի ներդրումն այս պատմական հաջողության մեջ ևս մեկ անգամ ցույց տվեց Թուրքիայի դերակատարության կարևորությունը գլոբալ հարցերում, ընգծել է նախագահը։
Թուրքիա-Հունաստան
Էրդողանը կրկնել է, որ բացառվում է, որ ինքը հանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
«Մենք որոշում ենք կայացրել ի ցույց նրա, որ Հունաստանը պետք է վերջ դնի իր ոչ անկեղծ, անազնիվ դիրքորոշմանը»։
Այս տարվա սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ դադարեցնում է հարաբերությունները Միցոտակիսիի հետ այն բանից հետո, երբ հույն առաջնորդը Վաշինգտոնում ելույթ ունեցավ Թուրքիայի դեմ՝ խախտելով իր խոստումը, որ խնդիրները լուծելու համար երկկողմանի է աշխատելու Անկարայի հետ:
Էրդողանն հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է գործել բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաև՝ Լոզանի ու Փարիզի համաձայնագրերի դեմ։ Նախագահը պնդում է, որ Հունաստանը զորքեր է տեղակայում Էգեյան ծովի արևելյան կղզիներում՝ թուրքական ափերի մոտ:
«Ի՞նչ պետք է մենք անենք որպես Թուրքիա։ Կապա՞ծ պահենք մեր ձեռքերը և ասենք՝ Հունաստան, արա ինչ ուզում ես։ Երբ ժամանակը գա, Թուրքիան կանի այն, ինչ անհրաժեշտ է։ Միցոտակիսը հավանաբար չգիտի, որ այս կղզիների ինքնիշխանությունը տրվել է նրանց պայմանով, որ դրանք մնան ոչ ռազմական կարգավիճակում։ Նա կսովորի այդ մասին»,- հավելել է Էրդողանը։
Այս կղզիները պետք է ապառազմականացվեին 1923 թվականի Լոզանի և 1947 թվականի Փարիզի պայմանագրերի համաձայն։