Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը այսօր չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները, հաղորդում է հայկական կողմը:
Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
Թուրքական կողմը հանդիպման մասին նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել:
Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք հանդիպել էին Մոսկվայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: