Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհուրդի անդամի պաշտոնից, տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր նախագահի գործող պաշտոնակատարի հետ իր մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում, որ խառնվում է քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտում որոշ գործերի հարուցմանը և ինդուլգենցիաներ խոստանում որոշ գործողույթունների դիմաց։
Գագիկ Ջհանգիրյանը այնուհետև պարզաբանել էր ձայնագրությունը Առաջին Ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրուցյում․ «Իմ առաջ խնդիր էր դրված, ես այդ խնդիրը դրել էի, որպեսզի պարոն Վարդազարյանը կամավոր՝ իր դիմումի համաձայն, լքի [ԲԴԽ] նախագահի աթոռը, և խորհուրդն ընտրի մեկ այլ նախագահ»։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր։ Հանձնաժողովը համարում է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում (ավելի վաղ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե գաղտնալսման հեղինակը՝ ԲԴԽ նախկին նախագահը, հրաժարվել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը)։
Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար դարձել էր 2022թ․-ի ապրիլին, երբ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով՝ վերջինիս լիազորությունները կասեցվել էին։