«Իմ առաջ խնդիր էր դրված, ես այդ խնդիրը դրել էի, որպեսզի պարոն Վարդազարյանը կամավոր՝ իր դիմումի համաձայն, լքի [ԲԴԽ] նախագահի աթոռը, և խորհուրդն ընտրի մեկ այլ նախագահ», – Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Օրեր առաջ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր նախագահի գործող պաշտոնակատարի հետ իր մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում, որ խառնվում է քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտում որոշ գործերի հարուցմանը և ինդուլգենցիաներ խոստանում որոշ գործողույթունների դիմաց։
Ջհանգիրյանը պնդում է, որ իր առաքելությունը դատաիրավական բարեփոխումների խնդիրն է եղել, այդ իսկ պատճառով, իբր, փորձել է բանակցությունների միջոցով համոզել Վարդազարյանին հրաժարական տալ․
«Ես բազմաթիվ մարդասպանների հետ եմ զրուցել, տասնյակներին համոզել եմ իրենց մեղքն ընդունեն․․․ Իրենց հետ զրուցելիս, բանակցելիս՝ կիրառում ես հոգեբանական հնարքներ։ Օրինակ մեկը. ենթադրենք, ասում եմ ՝ դա ի՞նչ պաշտոն ա, որ դու տենց կառչած ես էդ պաշտոնից․․․ Այսինքն, որպեսզի նա հեշտությամբ տրվի էդ հորդորին՝ դիմում գրի ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։
Քրեական գործեր կարճելու մասին իր խոստումները, ըստ Ջհանգիրյանի, «հոգեբանական հնարք» էին:
«Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը․ իմ լիազորություններից դուրս բաներ են», – արդարացել է պաշտոնյան, որը հրաժարական տալու մտադրություն, կարծես, չունի։
Անդրադառնալով «իմ վզիս դրված ա» խոսքին՝ Ջհանգիրյանը պարզաբանել է․ «Վզիս դրածը՝ կոպիտ ասած իմ ճիտին պարտքն ա․․․ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն ա, իմ կոչումն ա, ոչ թե մեկն ինձ պարտադրել ա»։
Ջհանգիրյանը պնդում է, որ եթե Վարդազարյանն ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, այն կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ վերջինիս համար։ Ըստ նրա՝ Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել, որ Ջհանգիրյանի նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ ԲԴԽ անդամներն էլ խնդրել էին տրամադրել ամբողջական ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն։ Վարդազարյանը մերժել է։
«Մեր սեղանը տևել է շուրջ երկու ժամ և ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից էդ ձայնագրությունը կա։ Ուղղակի էդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված․․․Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են 3 տղամարդ և տևում է 2 ու կես, մոտ 3 ժամ, բնականաբար մենակ մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Երեք ներկայացուցիչները կենացներ են ասում, ճառեր են ասում։ Թե չէ էստեղ դուրս ա գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում և էդ բոլոր բառերն էլ «տպավորիչ» իրար հետևից ասում եմ»։
Գագիկ Ջհանգիրյանը հայցել է «մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը», որ հակառակ իր կամքի՝ «տղամարդկանց շրջապատում», փակ միջավայրում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ իր վրիպման արդյունքում հանրայնացվեցին։
Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն («էական կարգապահական խախտման հիմքով») դադարեցրել է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը ԲԴԽ նախագահ էր դարձել 2019-ի հուլիսին, 2022-ի ապրիլին քրեական գործ էր հարուցվել, ԲԴԽ նախագահի պաշտոնում նրա լիազորությունները կասեցվել էին։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր դարձել Գագիկ Ջհանգիրյանը։