Ուկրաինան և Մոլդովան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո։
«Համաձայնություն: Եվրախորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին»,- գրել է նա Twitter-ում՝ շնորհավորելով Վլադիմիր Զելենսկիին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդույին։
Այսօր Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել ի աջակցություն՝ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ տալու։ Վրաստանի դիմումը մերժվել էր։
Ուկրաինան ԵՄ-ին անհապաղ անդամակցության հայտ էր ներկայացրել փետրվարին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո, իսկ Վրաստանն ու Մոլդովան՝ մարտի 3-ին։ Այդ ժամանակից ի վեր գործընթացը զարգացել է ռեկորդային տեմպերով։
Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը՝ ԵՄ-ի պատմության մեջ ամենաարագ կայացրած որոշումն է։ Համեմատության համար նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինան թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմել է 2016 թվականին, բայց դեռևս պատասխան չի ստացել։
Ավելի վաղ մի շարք եվրոպացի դիվանագետներ զգուշացնում էին, որ Ուկրաինային ԵՄ երկրի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը կարող է կեղծ հույսեր տալ, որովհետև իրականում երկար տարիներ են պահանջվելու ԵՄ-ին անդամակցելու համար։
«Իրական ինտեգրման գործընթացը կսկսվի, երբ պատերազմն ավարտվի», – ասել է Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը BBC-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական էր տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ միայն մի շարք պայմանների կատարումից հետո:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը
Թեկնածուի կարգավիճակը առաջին պաշտոնական քայլն է դեպի ԵՄ անդամակցություն։ Բայց մի շարք եվրոպական երկրներ (այդ թվում՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան ու Սերբիան) արդեն երկար տարիներ է ունեն թեկնածու երկրի կարգավիճակ, բայց նույնիսկ մոտ չեն ԵՄ-ին լիարժեք անդամակցելուն։
Եվրախորհրդարանն իր եզրակացության մեջ ասում է, որ «եվրոպական ընտանիքին» միանալու համար Ուկրաինայից կպահանջվի մի շարք «կառուցվածքային բարեփոխումներ» կատարել․ երկիրը պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Խոսքը Սահմանադրական դատարանի բարեփոխման, դատաիրավական խորը բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենսդրական որոշ այլ փոփոխությունների մասին է։ Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովը առանձնացրել է աշխատանքի յոթ ուղղություն։
«ԵՄ-ում մրցակցային ճնշումներին դիմակայելու երկրի կարողությունը մեծապես կախված կլինի Ուկրաինայում հետպատերազմյան ներդրումների պլանավորումից և հաջորդականությունից՝ իր ֆիզիկական կապիտալը թարմացնելու, կրթական արդյունքները բարելավելու և նորարարությունը խթանելու համար», – ասվում է եզրակացության մեջ։
Ուկրաինայում վստահ են, որ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը բեկումնային կլինի Ռուսաստանի հետ պատերազմում։ «Սա առաջին քայլն է ԵՄ անդամակցության ճանապարհին, որը, անշուշտ, կմոտեցնի մեզ հաղթանակին»,- թվիթերում գրել է Վլադիմիր Զելենսկին ԵՀ եզրակացությունից անմիջապես հետո։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի առաջին օրերին հայտարարում էր, որ «Ռուսաստանը դրա [Ուկրաինայի ԵՄ անդամակցության] դեմ ոչինչ չունի», քանի որ ԵՄ-ն տնտեսական միություն է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի պես ռազմական բլոկ։ Սակայն մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել էր, որ Ռուսաստանն այլևս տարբերություն չի տեսնում Ուկրաինայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության միջև։