Բուլղարիան ոստիկանական շներով ու բռնի ուժով աֆղան փախստականներին հետ է քշում Թուրքիա, ահազանգում է Human Rights Watch-ը։ Փախստականները հայտնում են, որ ենթարկվել են ծեծի, կողոպտվել են ու մերկացվել։
«Բուլղարիայի իշխանությունները դաժանորեն և համառորեն հետ են մղում միգրանտներին և ապաստան հայցողներին Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով», – ասում է HRW-ի փախստականների և միգրանտների իրավունքների հարցերով պատասխանատու Միշել Ռանդհավան:
HRW-ն նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում հարցազրույց է անցկացրել 15 աֆղանցիների հետ, ովքեր պատմել են՝ ինչպես է նրանցից մեկին ոստիկանական շունը կծել, մյուսին հսկող պահակը մերկացրել, մի քանիսին ծեծի ենթարկել։
Բուլղարիայի կառավարությունը չի արձագանքել HRW-ի զեկույցին։ Սակայն պաշտոնյաները նախկինում հերքել են փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքը:
Անցյալ տարվա նոյեմբերին Բուլղարիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զորքեր և ռազմական մեքենաներ է տեղակայում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով՝ օգնելու սահմանային ոստիկանությանը պայքարել երկիր մուտք գործելու փորձ կատարող փախստականների աճող թվի դեմ:
Միևնույն ժամանակ նույն իրականությունում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր Բուլղարիա է ժամանել Ուկրաինայի 201 904 քաղաքացի։ Այժմ երկրում մնում է 93 498 փախստական, որոնցից 51 291-ը պետական միջոցների հաշվին։
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովն էլ ժամանակին խոսում էր ուկրաինացիների ու մնացած փախստականների տարբերության մասին․ «Նրանք այն փախստականները չեն, որոնց մենք սովոր ենք։ Ինչպես ասաց Ավստրիայի կանցլերը, նրանք մեր հարազատներն են, ընտանիքը։ Նրանք եվրոպացիներ են, խելացի, կիրթ մարդիկ, որոշները՝ ծրագրավորողներ։ Մենք, ինչպես բոլորը, պատրաստ ենք ողջունել նրանց։ Սա անհասկանալի անցյալ ունեցող փախստականների ալիք չէ։ Եվրոպական երկրներից ոչ մեկը նրանց համար չի անհանգստանում»։
Ավելին, որոշ խոչընդոտներ, որոնց տարիներ շարունակ բախվել են ապաստան հայցողները և այլ երկրներից փախստականները, այժմ վերացվել են ուկրաինացիների համար և միայն ուկրաինացիների համար: Օրինակ, ուկրաինացիներն այժմ կարող են օգտվել բանկային հաշիվ բացելու դյուրացված ընթացակարգից, մինչդեռ մնացած բոլոր փախստականները շարունակում են բախվել սահմանափակող պայմաններին, որոնք թույլ չեն տալիս նրանց օգտվել ֆինանսական ծառայություններից:
Յոթ միլիոն բնակչություն ունեցող բալկանյան երկիրը գտնվում է Մերձավոր Արևելքի ու Աֆղանստանի փախստականների համար դեպի Եվրոպա հիմնական ճանապարհի վրա: Նրանցից միայն մի փոքր մասն է ծրագրում մնալ Բուլղարիայում – ԵՄ ամենաաղքատ երկրում – օգտագործելով Բուլղարիան որպես տարանցիկ միջանցք: