Home / ուկրաինայից / Լավրովը Սերբիա չհասավ․ հարևան երկրկները փակել են օդերը

Լավրովը Սերբիա չհասավ․ հարևան երկրկները փակել են օդերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստիպված է եղել չեղարկել երկօրյա այցը Բելգրադ այն բանից հետո, երբ Չեռնոգորիան, Բուլղարիան և Հյուսիսային Մակեդոնիան փակել են իրենց օդային տարածքը և արգելել արտգործնախարարի ինքնաթիռի տարանցումը։

«Ռուսական պատվիրակությունը պետք է ժամաներ Բելգրադ՝ բանակցությունների համար։ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները փակել են օդային տարածքը, փակել են կապի ևս մեկ խողովակ», – կիրակի օրը իտալական La7 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տելեպորտացիայի ունակությանը ռուսական դիվանագիտությունը դեռևս չի տիրապետում», – Интерфакс-ին է ասել ՌԴ ԱԳՆ աղբյուրը՝ պատասխանելով «Լավրովի այցը չեղարկվե՞լ է» հարցին։

Եվրամիության անդամ գրեթե բոլոր երկրները և Մեծ Բրիտանիան փակել են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Հյուսիսային Մակեդոնիան ու Չեռնոգորիան Եվրամիության կազմի մեջ չեն, բայց ՆԱՏՕ անդամ երկրներ են և միացել են հակառուսական պատժամիջոցներին։ 

Սերբիան Եվրոպայում Ռուսաստանի միակ դաշնակիցներիցն է։ Մարտի սկզբին Բելգրադում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում ի աջակցություն Ռուսաստանի։ Այն չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց 2012թ․-ից ունի ԵՄ թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ 

Սերբիան գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, բայց նրա հավատարմությունը Մոսկվային պայմանավորված է նաև նրանով, որ ռուսական իշխանությունները աջակցում են Բելգրադին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու հարցում։