Home / Եկեղեցի / 2021-ը քիչ թե շատ բարի էր կրոնական փոքրամասնությունների համար․ զեկույց

2021-ը քիչ թե շատ բարի էր կրոնական փոքրամասնությունների համար․ զեկույց

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021թ․-ին Հայաստանում «Միջազգային կրոնական ազատության» մասին իր տարեկան զեկույցը։

Ըստ Հայաստանի սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն։ Այն ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող, բայց նաև սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում։

2021թ․-ին շարունակվեց հայտնի Բահայի փաստաբան Էդվարդ Մանասյանի դատավարությունը, որը մեղադրվում էր 2017թ․-ին անօրինական ներգաղթ կազմակերպելու մեջ։ Բահայի համայնքի անդամները պնդում են, որ մեղադրանքները առաջադրվել են փաստաբանի կրոնական համոզմունքների պատճառով: Վճռաբեկ դատարանը մերժեց համայնքի բողոքը, ըստ որի կառավարությունը ապօրինի կերպով գաղտնալսել է նրանց և օգտագործել հավաքված տեղեկությունները Մանասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Շարունակվեց նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի «ազգամիջյան ատելություն հրահրելու» գործով դատը։ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին նրա ելույթը որակվել էր որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանի հանդեպ հարուցված գործը արժանացել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը։

Փետրվարին կառավարությունը հայտարարեց, որ 2023թ․-ից սկսած ծրագրում է հեռացնել Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր դպրոցական ծրագրից որպես ավելի լայն կրթական բարեփոխումների մաս, ինչը դարձավ հանրային բանավեճերի առարկա: Հայ Առաքելական եկեղեցին, իր հերթին, հայտարարություն տարածեց․ «Հաշվի առնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան իշխանությունների կողմից իրականացվող պարտադիր առարկաների ուսումնական պլանից բացառելու ապազգային քաղաքականությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հիմնախնդիրների ենթախումբը կգործադրի բոլոր ջանքերը կանխելու այս ապակառուցողական մոտեցումը և հասնելու նրա պատմական, բարոյական և իրավական հրամայականի կատարմանը` ծառայելու մեր ժողովրդի կենսական շահերին»։ 

Հոկտեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանը բավարարեց «Կրոնի և իրավունքի կենտրոն» ՀԿ-ի Սևանի ավետարանական քրիստոնյա ուսուցչուհու գործով հայցը։ Դպրոցի տնօրենը ազատել էր աշխատանքից ուսուցչուհուն՝ իր հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։ Ըստ ՀԿ-ի՝ պատճառը իրականում ուսուցչուհու կրոնական համոզմունքն էր։ 2020թ․-ին տնօրենը մանկավարժական խորհրդի նիստի էր հրավիրել առաքելական եկեղեցու հոգևորականի, որի ժամանակ քննարկվել է ուսուցչուհու կրոնական հայացքները, և քահանան ավետարանական քրիստոնեական եկեղեցիները բնութագրել է որպես կործանարար աղանդներ, լրտեսներ և «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ․ ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը»: Առաջին ատյանի դատարանը ուսուցչին աշխատանքից հեռացնելն անվավեր է ճանաչել, ուսուցչուհուն վերադարձրել իր պաշտոնին և պարտավորեցրել է դպրոցին վճարել նրա աշխատավարձերը։

Որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են յոթերորդ օրվա ադվենտիստները, ավետարանական խմբերը, Եհովայի վկաները զեկուցել են, որ նրանց նկատմամբ հանրային վերաբերմունքը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ բարելավվել է և ԶԼՄ-ներում քիչ է կամ բացակայում է բացասական բովանդակությունը։

Հրեական համայնքի և քաղաքացիական հասարակության որոշ անդամներ զեկուցել են, որ հակասեմականությունը, ներառյալ հասարակության անդամների բացասական խոսքը և վանդալիզմը, աճել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020թ․-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ օգտագործեց Իսրայելի կողմից մատակարարված զենքերը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերին ընդունված բանաձևում նշվում է երկարատև հակամարտության «աղետալի ազդեցությունը» «տարածաշրջանի մշակութային ժառանգության և ունեցվածքի վրա, որի համար պատասխանատվություն են կրում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»։

Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հասարակության և ընտանիքի ճնշումը շարունակում է մնալ այլ կրոն դավանելու ետ պահող հիմնական գործոնը: