հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ և հրմշտոց է սկսվել ընդդիմության ակտիվիստների և դեպի խորհրդարան ճանապարհին պատ կազմած ոստիկանների միջև։ Կան տասնյակ տուժած ոստիկաններ․ վկաների խոսքով, ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր էին նետում։ Վիրավորներ կան նաև քայլերթի մասնակիցների շրջանում․ ոստիկանները առաջին անգամ հատուկ միջոցներ՝ մահակներ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։

(թարմացված) Ըստ առողջապահության նախարարության, տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 50 անձ․ 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին նա վիրահատվում է: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ վիրահատվողը քաղաքացիական անձ է, ոստիկաններից մեկի մոտ էլ ոտքի կոտրվածք է արձանագրվել։

_ «Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։

Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաններին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել։

Սա, մեղմ ասած, խաղաղ ցույց չէր։ Եվ սա մի ամսվա բռնության հռետորաբանության արդյունքն էր», – քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

_ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, ինչպես է ոստիկանը ոտքով խփում քաղաքացու դեմքին։ Մեկ այլ տեսանյութում ոստիկանության աշխատակիցը բռունցքներով հարվածում է քաշքշուկի մեջ հայտնված տղամարդուն։

_ Բերման ենթարկվածների թիվը դեռևս հայտնի չէ։ Ընդդիմությունն այժմ հանրահավաք է անում Ֆրանսիայի հրապարակում։

— «Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։ Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը», – հայտարարել է իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Բախումից առաջ դաշնակցական Սաղաթելյանը բարձրախոսով կոչ էր արել կանանց և աղջիկներին հետ քաշվել․ «Էս փողոցը հենց հիմա պետք է բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու»։

Կարճ ժամանակ անց տղամարդիկ գրոհել էին  ոստիկանական պատնեշը, իսկ ավելի ուշ՝ սկսել քարեր նետել ոստիկանների վրա։

Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել՝ մահակներ և ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակների մոտ 5 կրակոց (դատելով համացանցում տարածվող տեսանյութերից՝  նռնակները օդ են կրակել)։

«Կառավարության ամառանոցներ գնալը ակնհայտ ագրեսիվ քայլ էր և ընդդիմության առաջնորդները դա արել են գիտակցված։ Բնականաբար դա կարող էր լինել խաղաղ երթի կամ հավաքի տեսքով, բայց ոչ վերջին շաբաթների հռետորաբանության ֆոնին։ Եվ զարմանալի չէ, որ մի ամսից ավել բռնության հռետորաբանություն լսած հավաքի մի շարք մասնակիցներ սկսեցին ագրեսիվ (ոչ խաղաղ) պահվածք դրսևորել։

Ընդորում, հատկանշական է, որ այդ ոչ խաղաղ պահվածքը առաջնորդների կողմից չէր կանխվում (կանխման իմիտացիան և կանխումը տարբեր բաներ են)։

Այդուհանդերձ, ոստիկանությունը, նախքան «Սվիրել» ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ կրակելը պետք է աներ հնարավոր ամեն ինչ` հավաքը խաղաղ հուն վերադարձնելու կամ բախումը կանխելու համար (օրինակ` բախումից խուսափելու համար Ոստիկանությունը կարող էր փշալարով տարանջատեր իրեն ակնհայտ ագրեսիվ տրամադրված ցուցարարներից)։

Այլ կերպ ասած, ընդդիմության առաջնորդները արեցին ամեն ինչ, որ բախում տեղի ունենա, իսկ ոստիկանությունը չկարողացավ դա կանխել», – ավելի վաղ գրել էր Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մշտադիտարկում է մոտ մեկ ամիս առաջ սկսված բողոքի ցույցերը։

Ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրել է ոստիկանությանը․ ոստիկանների գործողությունները Սաղաթելյանը «կոլցո» օպերացիա է որակել։

թարմացում․ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ 11 անձ բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։