— Մենք հակաավտորիտար կամավորների ցանցն ենք Ուկրաինային և ներկայանում ենք «Օպերացիա Սոլիդարություն» անվան տակ։ Մեր մեջ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կան, բայց ռուսական ագրեսիան մենք նույն կերպ ենք ըմբռնում։ Այդ ըմբռնումը կարելի է կարճ ձևակերպել այսպես՝ մենք դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության ներխուժումը Ուկրաինա և դատապարտում ենք կրեմլյան ղեկավարներին, որոնք պլանավորել և գլխավորել են այն։
Որպես հակաավտորիտար ակտիվիստներ, մենք պատերազմի սկզբից ի վեր միացել ենք դիմադրության շարժմանը։ Մեր ընկերներից շատերը գրանցվել են տարածքային պաշտպանության ուժերում։ Մեր նպատակն է՝ նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով և կարիքավորներին օգնել ՝ ինչով կարող ենք։
Շատերը հարցնում են՝ ինչու նրանք, ովքեր տարիներ շարունակ հետևողականորեն հակադրվում էին պետությանը, այժմ զենքը ձեռքերին պաշտպանում են այն և ռազմական սնուցում են ընդունում ամբողջ աշխարհից։ Դե, մեզ միավորում է այն, որ այս պատերազմը մենք ընկալում ենք որպես ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիայի իմպերիալիստական ակտ։ Եվ ահա թե ինչու՝
— Սա «դենացիֆիկացիա» չէ (Կրեմլի սիրած բառը)։ Իհարկե, Ուկրաինայում ծայրահեղ աջերի հետ խնդիրներ կան։ Բայց այդ խնդիրների մասշտաբները շատ են ուռճացվում ռուսական քարոզչության կողմից, որը մակաբուծում է լեզվի և հակաֆաշիստական ավանդույթների վրա։ Ուկրաինան շատ ավելի ազատ երկիր է, քան Ռուսաստանը, որը գնալով ավելի ու ավելի շատ է նմանվում ֆաշիստական ռեժիմի։
— Այս պատերազմը ռուսալեզու ուկրաինացիների ազատագրման համար չէ։ Ռազմական գործողությունները մեծամասամբ հենց ռուսախոս մարզերում են ընթանում, և պատերազմի դաժանություններից տառապում են հենց նրանք, ովքեր ռուսերեն են խոսում։ Դա՛ է պատճառը, որ ուկրաինացիները ռուսական բանակին ծաղիկներով չեն դիմավորում, և փոխարենը միանում են տարածքային պաշտպանության ուժերին, որ «ազատագրողներին» դիմավորեն լրիվ այլ կերպ։
— Սա ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի պատերազմը չէ։ Ոչ էլ ՆԱՏՕ֊ի պատերազմն է Ռուսաստանի դեմ, որում Ուկրաինան ընդամենը միջնորդ է։ Մենք քննադատորեն ենք վերաբերվում առևմտյան իմպերիալիզմին, որը շատ լավ նկատելի է աշխարհի մյուս մասերում։ Բայց այս կոնկրետ պատերազմի համար պատասխանատու է հենց Ռուսաստանը՝ պետություն, որն այս տարածաշրջանում փորձում է ի՛ր գերիշխանությունը հաստատել։ Եթե պատերազմի իրական պատճառները լինեին Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնումը, ապա պատերազմն արդեն ավարտված կլիներ։ Կամ, ամենայն հավանականությամբ, չէր էլ սկսվի։
— Բացի այդ, սա նաև Պուտինի պատերազմն է սեփական ժողովրդի դեմ։ Ռուսաստանը պահանջում է, որ պատերազմը «հատուկ օպերացիա» անվանեն․ այդ «օպերացիան» Կրեմլին թույլ է տվել խիստ դիկտատուրա սահմանել, ճնշել հակապատերազմական ցույցերը և ոչնչացնել բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները։ Ռուսաստանցիներից շատերը, ովքեր համաձայն չեն իշխանության հետ, ստիպված են եղել լքել երկիրը։ Նույնը կատարվում է Բելառուսում։ Անհամաձայնների նկատմամբ սիստեմատիկ ճնշում գործադրելու ու ազատությունները վերացնելու այս քաղաքականությունը Ռուսաստանն այժմ փորձում է տարածել ամբողջ տարածաշրջանով մեկ։
Ռուսաստանի կայսերական ամբիցիաները նրա պահանջներն այնպիսին են դարձնում, որ դրանց գինը չափազանց մեծ է «ցանկացած գնով խաղաղության» գնալու համար։ Ռուսաստանի պահանջներին համաձայնելը անխուսափելիորեն կբերի տարածաշրջանում բոլոր առաջադիմական ուժերի ջախջախմանը։ Թե ինչ կգրվի խաղաղության պայմանագրում, մեծապես կախված է մարտերի դաշտերում տիրող իրավիճակից։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում բոլորին, ում համար ազատությունը, հավասարությունը, քույրությունը և եղբայրությունը դատարկ բառեր չեն, աջակցել դիմադրության շարժմանը Ուկրաինայում։ Դուք կարող եք դա անել տարբեր միջոցներով, օրինակ՝
* ուղղակիորեն աջակցել Ուկրաինայի զինված ուժերին կամ տարածքային պաշտպանությանը
* աջակցել կամավորական շարժումներին և հասարակական նախաձեռնություններին
* օգնել ուկրաինացի փախստականներին
* պահանջել, որ ձեր կառավարությունը ֆինանսական, հումատար կամ ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային
* պահանջել, որ Ուկրաինայի արտաքին պարտքը չեղարկվի․ դա ծայրահեղ կարևոր նշանակություն ունի պատերազմից հետո երկրի վերականգնման համար։
Վերջապես, դուք կարող եք աջակցել «Oպերացիա Սոլիդարությանը»՝ հետևյալ հղումով։ Այդ դեպքում դուք վստահ կլինեք, որ ձեր աջակցությունը կօգնի հակաավտորիտարներին, որոնք պայքարում են ազատ հասարակության համար՝ հասարակության, որը զերծ է նախապաշարմունքից, խտրականությունից և ագրեսիայից։