Ապրիլի 27֊ի գիշերը Ռուսաստանում Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում պայթյուններ են լսվել․ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորների չկան։
Բելգորոդ քաղաքի մոտակայքում, ըստ նախնական տվյալների, ռազմամթերքի պահեստ է հրդեհվել, հայտնել է տեղի մարզպետը։ Մյուս մարզերում հայտարարել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի աշխատանքի մասին։
«Կարման դաժան բան է», – տեղի ունեցածը սոցցանցերում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական և ռուս֊ուկրաինական բանակցությունների մասնակից Միխայիլ Պոդոլյակը։ Վերջինս ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ուկրաինայի կապը պայթյունների հետ։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Ստարայա Նելիդովկա գյուղի շրջանում ռազմամթերքի պահեստ է հրդեհվել․ մինչ այդ մարզպետը գրել էր, որ տարածքում պայթյունների ձայներ են լսվել։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ հրդեհը հանգցրել են։
Տարածաշրջանի ԱԻՆ֊ի զեկուցմամբ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Չեն վնասվել նաև պահեստի մոտակայքում գտնվող բնակելի շենքերը և այլ կառույցները։ Հրդեհի հավանական պատճառերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երկնքում կայծեր են երևում։
Ապրիլի 27֊ի գիշերը Կուրսկի բնակիչները «տրաքոցներ» են լսել․ պայթյուն հիշեցնող ձայների մասին հաղորդել են և՛ Կուրսկի կենտրոնից, և՛ քաղաքի ծայրամասերից։ Նախնական տվյալներով, աշխատել է ՀՕՊ համակարգը, հայտնել է տեղի մարզպետ Ռոման Ստարովոյտը՝ հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան։
Վորոնեժի մարզային իշխանությունները նույնպես պայթյունների մասին են զեկուցել․ Շիլովո միկրոշրջանում «երկու տրաքոց են լսել»։ Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Վորոնեժի մոտակայքում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Միխայիլ Պոդոլյակը սոցցանցերում մեկնաբանել է ռուսական սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած պայթյունները։ Նրա խոսքով՝ վերոնշյալ շրջաններում պարբերաբար հրդեհվում են այն պահեստները, որոնք Ուկրաինայում պատերազմող ռուսական ռազմատեխնիկան վառելանյութով են ապահովում։
Պոդոլյակն ուղիղ չի հաստատում կամ հերքում պայթյունների հետ Ուկրաինայի առնչությունը։ Նա հեգնում է, որ ռուսական ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման ամենատարբեր պատճառներ կարող են լինել՝ մինչև անգամ «աստվածային միջամտությունը»․
«Հիմա Բելգորոդի, Վորոնեժի և Կուրսկի մարզերը նույնպես ակտիվորեն ծանոթանում են «ապառազմականացում» հասկացության հետ։ Զինաթափում․․․ ինչպե՞ս սա բացատրել։ Շատ հեշտ։ Երբ դուք [ռուսաստանցիներդ] որոշել եք մասսայական հարձակում գործել հարևան երկրի վրա, այնտեղ բոլորին հերթով սպանել, տանկերով ճզմել խաղաղ բնակիչներին, իսկ սպանություններն իրականացնելու համար օգտագործում եք ձեր մարզերում գտնվող պահեստները, ապա պետք է պատրաստ լինեք պարտքերը վերադարձնելուն։ Ուկրաինայում նման ինտենսիվությամբ ռազմական հարձակում իրագործելու պայմաններում թուխս նստել չի ստացվի։ Այդ պատճառով մարդասպանների բելգորոդ֊վորոնեժյան պահեստների զինաթափումը սովորական ու բնական երևույթ է։ Կարման դաժան բան է»։
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում սահմանամերձ շրջանների իշխանությունները պարբերաբար ռմբակոծությունների մասին են հայտնում։ Ապրիլի 11֊ից տվյալ շրջաններում ահաբեկչական վտանգի դեղին (բարձր) մակարդակ է գործում։
Այսպես, ապրիլի 1֊ին Բելգորոդում նավթաբազա էր հրդեհվել․ ռուսական իշխանությունները պնդել են, որ պատճառը ուկրաինական երկու ուղղաթիռներից իրականացված օդային հարվածն էր, սակայն ուկրաինական կողմը դա չէր հաստատել։
Ապրիլի 12֊ին Բելգորոդի մոտակայքում երկաթուղային պաստառ էր վնասվել։
Ապրիլի 14֊ին Բրյանսկի մարզում տեղային իշխանությունները հայտարարել էին ռմբակոծությունների հետևանքով 8 վիրավորների և մոտ 100 ավերված շինությունների մասին։
Ապրիլի 25֊ին Բրյանսկում նույնպես նավթաբազա էր հրդեհվել։