Home / Մարզեր / Բուրիաթները և հակապատերազմական առաջին էթնիկ նախաձեռնությունը

Բուրիաթները և հակապատերազմական առաջին էթնիկ նախաձեռնությունը

Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինվորների մեծ մասը, հանրությանը հասանելի աղբյուրների տվյալներով, Բուրիաթիայի բնիկներն են․ այս տվյալները պետության բնիկներին դրդել են «Ազատ Բուրիաթիա» միջազգային հակապատերազմական հիմնադրամ ստեղծել։

Հիմնադրամը մի քանի նպատակ ունի, որոնց թվում են կրեմլյան քարոզչության դեմ պայքարելը և բուրիաթներին «ռուսական աշխարհի գլխավոր պաշտպանների» խարանից ազատելը։

Լրագրող Ալեքսանդրա Գարմաժապովան՝ հիմնադրամի նախագահը, անցած շաբաթ հրապարակցած Republic ամսագրի հոդվածում խոսել է Ֆարիդա Կուրբանգալեևայի հետ այն մասին, թե ինչու են բուրիաթները պատրաստակամորեն գնում պատերազմելու և որքան հեռու է տարածվում բուրիաթների ազատ լինելու ցանկությունը։

«Պուտինի մարտական բուրիաթները»

Ալեքսանդրան պատմում է՝ նման նախաձեռնության անհրաժեշտությունն ի հայտ է եկել այն պատճառով, որ Ուկրաինայում բուրիաթների նկատմամբ բացասական համբավ է արմատացել։ Երբ Պուտինը Դոնբասում պատերազմ էր սկսել, այնտեղ կռվելու համար «աշխարհազորականների» և «հանքափորերի» անվան տակ Բուրիաթիայի զինծառայողներին էին ուղարկում։

2014֊ին այս մասին գրել էր լրագրող Իլյա Բարաբանովը, որը այդ ժամանակ Коммерсант֊ում էր աշխատում։ Տեղացիները՝ բուրիաթներին մատնանշելով, ասել էին․ «Իսկ ահա սրանք մեր դոնբասյան հնդկացիներն են»։

Հետո Новая газета֊ն 20֊ամյա տանկիստի հետ հարցազրույց հրապարակեց, որտեղ երիտասարդը, ի թիվս այլի, պատմում էր, թե ինչպես էին ռուսական իշխանությունները բուրիաթ պայմանագրայիններին թաքուն ուղարկում պատերազմելու։

«Հետագայում բուրիաթների մասին սկսեցին ակտիվորեն գրել ուկրաինական լրատվամիջոցները։ Նրանք օգտագործում էին «Պուտինի մարտական բուրիաթներ» ձևակերպումը։ Արտահայտութունը շատ էր տիրաժավորվում ու այդ թեմայով մեմեր սկսեցին հայտնվել։ Արդեն ներկայիս հարձակման ժամանակ որոշ ուկրաինացիներ ասում էին, որ կռվելու են Ռուսաստանի հետ «մինչև վերջին բուրիաթը»։ Դա շատ տհաճ է։ Մենք փոքր ազգ ենք ու ոչ մի լավ բան չկա նրա մեջ, որ մեր շուրջ նման կերպար է ձևավորվել»:

Բուրիաթները այս պատերազմին նույնպես ակտիվորեն մասնակցում են, հաստատել է Ալեքսանդրան, բացատրելով դա Բուրիաթիայի աղքատությամբ․ տղամարդիկ այնտեղ փող աշխատելու երկու հիմնական միջոց ունեն՝ Հյուսիս մեկնելու «խոպանային» աշխատանքն ու պայմանագրային զինծառայությունը։

Ուկրաինայում զոհված բուրիաթների տվյալների մեջ որպես «ծննդավայր» միշտ այս կամ այն գյուղն է նշվում, բացատրում է հիմնադրամի նախագահը՝ այլ կերպ ասած․ այդ մարդիկ բնակվում էին երկրի ծայրամասերում և, ինչպես իրենց էր թվում, փորձում էին գումար վաստակել։

Շատերը պայմանագիր էին ստորագրում, քանի որ դա բնակարան ստանալու միակ հնարավորությունն էր։ Նրանք կարող էին Բուրիաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդեում այսպես կոչված ռազմական հիպոթեք վերցնել անշարժ գույք գնելու նպատակով, որն իրենց համար թանկ էր։

Բուրիաթների կորուստները

Հասանելի աղբյուրներից ստացված տվյալներով, այս պատերազմում 100 բուրիաթ է զոհվել, որը շատ մեծ թիվ է Բուրիաթիայի նման փոքր երկրի համար․ այստեղ ապրում է միլիոնից քիչ մարդ և հետևաբար, «պատերազմը ոչ մի ընտանիքի չի շրջանցի», նշում է հիմնադրամի նախագահը։

«Ազատ Բուրիաթիա» հիմնադրամի աշխատակիցները փորձում են հետևել նաև այլ շրջաններից պատերազմի մեկնած բուրիաթների մասին տեղեկությունների, սակայն հաշվի առնելով, որ Իրկուտսկի մարզում ապրող շատ բուրիաթներ կնքվելուց հետո ռուսական անուններ են ստանում, իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։

Հիմնադրամի վերլուծաբան Մարիա Վյուշկովայի խոսքերով, բնակչության տոկոսային հարաբերակցությամբ Բուրիաթիան առաջնորդում է Ուկրաինայում զոհվածների տխրալի վիճակագրությունը։

Ենթադրություն կա, որ ռուսաստանյան իշխանությունները դիտավորյալ են պատերազմ ուղարկում ազգային փոքրամասնությունների։ Ալեքսանդրան կարծում է, որ պատճառներից մեկը ուկրաինացիների հետ ռուսների սերտ կապերն են․ շատերի հորաքույրը, քեռին կամ որևէ այլ հարազատ այնտեղ են բնակվում։ Ավելի քիչ հավանական է, որ նման կապեր կունենան ազգային փոքրամասնությունները։

Այնուամենայնիվ, նա համարում է, որ ամենամեծ գործոնը, որը ստիպում է մարդկանց համաձայնել նման աշխատանքի, կյանքի որակի ցածր մակարդակն է․հիմնականում մահանում են ամենաաղքատ տարածաշրջանների բնակիչները, իսկ Մոսկվայից կամ Պետերբուրգից գործնականորեն ոչ ոք չի մահացել։

«Բայց այստեղ մի ուրիշ պահ էլ կա, որը քննարկում էինք մեր աշխատակիցների հետ։ Կարծես, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են բուրիաթները համաձայնում կռվել հանուն «ռուսական աշխարհի» գաղափարների, եթե իրենք Ռուսաստանում ապրելով անընդհատ բախվում են այլատյացությանն ու ռասայական խտրականությանը։ Ես չգիտեմ բուրիաթների, որոնք հայտնվելով Պիտերում կամ Մոսկվայում, չեն լսում «ռադ եղեք ձեր Չինաստանը» կամ նմանատիպ արտահայտություններ։ Հնարավոր է՝ այստեղ հոգեբանական գործոն կա․ բուրիաթներին թվում է, թե պատերազմին մասնակցելն իրենց հնարավորություն է տալիս «վեհանալ»՝ հասնելով ռուսներին։ Իրենք պատրաստ են մոռանալ այդ խտրականությունը, որ «վատ ուկրաինացիների» դեմ կռվում ռուսները իրենց որպես հավասար ընդունեն։ Այլ կերպ ես դա չեմ կարող բացատրել․․․»

Բուրիաթներին օգտագործում են նաև ուկրաինացիների դեմ տեղեկատվական պատերազմում․ Сеть շարժումը (որը պրոկրեմլյան Наши շարժման ճյուղերից էր), 2015 թվականին նկարահանել էր «Պուտինի մարտական բուրիաթների ուղերձը Ուկրաինայի վախեցած ժողովրդին», որտեղ Իրկուտսկի մարզի բուրիաթները ասում էին ուկրաինացիներին, որ իրենց տնտեսությունը «թռչում է դեպի Կոնչիտա Վուրստի շեք» ու նմանատիպ բաներ։

«Կարող եմ ասել, որ այդ տեսահոլովակում նկարահանվածների մեծամասնությունը լիովին ապաքաղաքական էին։ Նրանցից մի աղջկա հետ վերջերս եմ կապնվել, նա հիմա Գերմանիայում է ապրում։ Անկեղծորեն ընդունեց, որ ամաչում է այդ տեսանյութի համար ու հիմա հասկանում է, որ դա խայտառակություն էր։ Նա ասում էր, որ ընկերներից մեկն էր իրեն խնդրել նկարահանվել, իսկ ինքն այդ ժամանակ 16 տարեկան էր ու ոչինչ չէր հասկանում քաղաքականությունից․․․»։

Հիմնադրամի գործունեության մասին 

«Ազատ Բուրիաթիա»֊ն գործունեության մի քանի ուղղություն է առանձնացրել, որոնցով զբաղվում են հիմնադրամի աշխատակիցները․ բուրիաթ պայմանագրայիններին իրավաբանական օգնություն են ցուցաբերում, սեփական հետազոտություններ են անցկացնում և պատերազմի մասին զեկույց պատրաստում։ Բացի այդ, հիմնադրամը կողմ է Բուրիաթիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն․ նրանք համարում են, որ այն ուղղակիորեն պատասխանատվություն է կրում բուրիաթ զինվորների մահվան համար։ Ի վերջո, հիմնադրամի ստեղծումը նաև հոգեբանական աջակցություն և միավորվելու միջոց է այն մարդկանց համար, որոնք դատապարտում են պատերազմը։

«Մենք կողմ ենք ուժեղ, ժողովրդավար և ազատ Բուրիաթիային՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններում։ Մենք շատ հստակ ասում ենք, որ դա մեզ համար կարևոր է։ Բայց միաժամանակ համարում ենք, որ հանրապետության բոլոր խնդիրները կապված են այն բանի հետ, որ իրական դաշնություն չկա։ Իրական դաշնություն է, երբ տարածաշրջանները իրենց սոցիալ֊տնտեսական առաջնահերթությունների վերաբերյալ սեփական որոշումներն են կայացնում։ Հանրապետությունը մեկն է, իսկ տարածաշրջանները շատ են ու բոլորը ունեն տարբեր կարիքներ և տարբեր հնարավորություններ։ Տարածաշրջաններին ավելի շատ ինքնուրույնություն է պետք, որովհետև իրենք չպետք է ամեն անգամ Մոսկվայի բերանին նայեն ու նրանից ողորմություն սպասեն․․․»։