Մայիսի 16-ի գիշերը ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի տարածքում պաշարված զինծառայողներից ավելի քան 260-ին տարհանել են՝ ավտոբուսներով տեղափոխելով Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզ։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է, որ տարհանված 52 ծանր վիրավորներ փոխադրվել են հիվանդանոց և ուկրաինական կողմը բանակցում է նրանց՝ ռուսաստանցի ռազմագերիների հետ փոխանակելու շուրջ։
Մինչ այդ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ «Ազովստալում» գտնվող 265 զինվորականներ վայր են դրել զենքերը և գերի հանձնվել։
Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ «նացիստական հանցագործները» չպետք է փոխանակման ենթակա լինեն և պահանջել է, որ պատգամավորները համապատասխան վճիռ կայացնեն։ Նա «հանցագործ» է անվանում «Ազով» կամավորական զորագնդի մարտիկներին։
«Ազով»-ականներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանձնվելու մտադրություն չունեն․ գործարանի տարածքը նրանք պատրաստ են լքել միայն սեփական զենքերով և պայմանով, որ տարհանման շուրջ պայմանավորվածությունը կերաշխավորվի երրորդ երկրի կողմից։ Ռուսաստանը, սակայն, պնդում էր, որ նրանք պետք է գերի հանձնվեն։
Մարիուպոլը պատերազմի առաջին իսկ օրերից ռուսական բանակի թիրախում էր․ շաբաթներ շարունակ այստեղ ծանր մարտեր էին ընթանում, քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացված էր։
Ապրիլի վերջին Մարիուպոլը վերահսկում էր ռուսական բանակը։ Բացառություն էր՝ «Ազովստալ» գործարանային համալիրը (~11 քառակուսի կմ), որտեղ, ուկրաինական կողմի տվյալներով, շուրջ հազար զինվորականներ կային պաշարված։ Նախօրեին «Ազովի» զինվորականներից մեկը Current time-ի եթերում պատմում էր գործարանում պաշարվածների ծանր վիճակի մասին․ այնտեղ սպառվում են սնունդն ու ջուրը, դեղամիջոցներ չկան։
Քաղաքացիական բնակչությանն Ազովստալի տարածքից տարհանել են միայն մայիսի սկզբին՝ ավելի քան 2 ամիս անց։ Տարբեր տվյալներով այնտեղ մինչև հարյուր մարդ է մնացել պաշարված․․․
Մարիուպոլը գրավելուց հետո Վլադիմիր Պուտինը խոստացել էր, որ Ազովստալը այլևս չեն գրոհելու․ գրոհներն, այնուամենայնիվ, առ այսօր չեն դադարել։
Մարիուպոլում շուրջ 25 հազար մարդ է զոհվել, գերակշռող մասը՝ խաղաղ բնակիչներ, մայիսի 9-ին հաղորդել էին «Ազով» կամավորական զորագնդի ներկայացուցիչները։ Մարիուպոլի քաղաքապետը դեռևս ապրիլի 12-ին (մարտական գոծողությունները դեռ շարունակվում էին) հաղորդել էր ավելի քան 10 հազար զոհերի մասին։ Ստույգ թվեր առ այսօր չեն նշվում։