Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն։ Բացառություն է կազմում միայն «Ազովստալ» գործարանային համալիրի ամբողջությամբ պաշարված (~11 կմ2) տարածքը, որտեղ, տարբեր տվյալներով, ավելի քան 2 հազար ուկրաինացիներ են մնացել․ վերջիններս զենքերը վայր դնել հրաժարվում են։
Շոյգուն հայտարարել է, որ Ազովստալում մնացած ուկրաինացիները «ապահով փակված» են։ Պուտինն էլ հրահանգել է չեղարկել արդյունաբերական այդ գոտու գրոհը, փոխարենը՝ «արգելափակել այն այնպես, որ ճանճը չանցնի»։Մարիուպոլը պատերազմի առաջին իսկ օրվանից ռուսական բանակի թիրախում է։ Արդեն շաբաթներ շարունակ պաշարված քաղաքում մարտեր են ընթանում։ Դատելով արբանյակային պատկերներից, որ հրապարակվել էին դեռևս մարտի վերջին, քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Վլադիմիր Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խոստացել պարգևատրել ռուս զինվորականներին։
Ուկրաինայի զինված ուժերը ռազմական ճանապարհով Մարիուպոլը արգելափակումից հանել չեն կարող՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նախագահի խոսքով՝ Մարիուպոլի շրջափակումը ավելի շատ նման է «ՌԴ կողմից ահաբեկչական գործողության», քան պատերազմի․ քաղաքում, բացի ուկրաինացի պաշտպաններից, արգելափակված են նաև հազարավոր երեխաներ և տարեց մարդիկ: Ուկրաինայի փոխվարչապետը նշել է, որ նախօրեին փախստականներով ընդամենը 4 ավտոբուս է կարողացել լքել Մարիուպոլը։ Տարհանումը քաղաքից, որտեղ մնացել է մոտավորապես 120 հազար խաղաղ բնակիչ, կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա»։