Իսպանիայում հայտնաբերվել է «Նովատեկ» ռուսական գազային ընկերության նախկին թոփ-մենեջեր, մեծահարուստ Սերգեյ Պրոտոսենյայի, նրա կնոջ և 18-ամյա դստեր մարմինը։
Telecinco հեռուստաընկերության փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Բարսելոնայի մոտակայքում գտնվող Լորետ դե Մար առողջարանային ավանում։ Մոր և դստեր մարմիններին կտրող-ծակող գործիքներով հասցված վնասվածքներ են հայտնաբերվել, հայրեը եղել է կախված վիճակում։ Դեպքի վայրում արյունոտ կացին և դանակ է հայտնաբերվել։
Քննությունը չի բացառում, որ տղամարդը կարող էր կացնահարել (դանակահարել) կնոջն ու դստերը, ինչից հետո՝ անձնասպան լինել։ Կատալոնիայի ոստիկանությունը չի բացառում նաև մեկ ուրիշ վարկած՝ հանցագործությունը կարող էին կատարել, ապա Պրոտոսենյային փորձել վերագրել այլ անձինք։
Ռուսաստանցի միլիոնատիրոջ ընտանիքը վերջին տարիներին բնակվում էր Ֆրանսիայում։ Իսպանական Լորետ դե Մարում նրանք առանձնատուն էին վարձում․ Telecinco-ի տվյալներով՝ նախատեսում էին այնտեղ անցկացնել Զատկի տոները։
«Նովատեկը» գազ արդյունահանող ռուսական ընկերություն է: Սերգեյ Պրոտոսենյան դրա նախկին գլխավոր հաշվապահն է: Տարբեր տվյալներով՝ նրա անձնական կարողությունների չափը հասնում է 400 միլիոն եվրոյի:
«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահի ընտանիքի մահը
Մի քանի օր առաջ նման դեպք է տեղի ունեցել նաև Մոսկվայում։
Ապրիլի 18-ին «Գազպրոմբանկի» նախկին փոխտնօրեն Վլադիսլավ Ավաևի բնակարանում հայտնաբերել էին նրա, նրա հղի կնոջ և 13-ամյա դստեր մարմինները։ Բոլորը՝ հրազենային վնասվածքներով։
Դեպքի քննությամբ զբաղվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Նախնական վարկածով՝ տղամարդը սպանել է կնոջն ու անչափահաս դստերը, այնուհետև՝ ինքնասպան եղել։ Մարմինները, ըստ ՔԿ-ի, հայտնաբերել է բարեկամը․ բնակարանը ներսից փակ է եղել: