Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել։ Նա խոսել է պատերազմի հետևանքներից, Պուտինի քավորից, պատերազմական գործողությունների ժամանակ տարածվող, այդ թվում՝ Հայաստանի մասին, ֆեյքերից, ինչպես նաև կիսվել ռուսամետ ակցիաների կազմակերպիչների վերաբերյալ իր կասկածներով։ Մամուլի ասուլիսին ներկայացված հիմնական դրույթները՝ ստորև․
ֆեյքերի մասին
– Պատերազմի ժամանակ տեղեկատվությունը զենք է։ Ֆեյքը անգլերեն «կեղծիք» բառն է, ես տվյալ դեպքում կգործածեի «սուտ» բառը, իսկ ուկրաիներենով՝ «брехня»։
– Հայաստանի տարածքով արաբ վարձկանների տեղափոխումը ֆեյք է։ Իբրև թե պլանավորվում է այդ մարդկանց փոխադրումը Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Սա հերքվել է Հայաստանի վարչապետի կողմից։ Ես նրա խոսքերին չվստահելու ոչ մի հիմք չունեմ։ Մեր զինված ուժերը առաջնագծում դեռևս չեն հայտնաբերել, այսպես ասած, սիրիական ազգության անձանց։ Այսինքն դա հերթական քարոզչական խարամն էր այն մասին, որ Ռուսաստանը 15֊16 հազար սիրիացի վարձկաններ է բերում Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։
– Միանշանակ ֆեյք է Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների տրամադրումը։ Նախևառաջ, այժմ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին կործանիչներ ամենևին հարկավոր չեն։ Ռուսաստանը հիմա գրոհիչ ավիացիայի կարիքն ունի։ Ներողություն եմ խնդրում, բայց ես ծիծաղից քանդվում էի, երբ այս օդանավերի տեղափոխման երթուղիներն էին կազմվում, այն, թե ինչպես էին դրանք կարող Հայաստանից Ռուսաստան հասնել։
– ՀՀ քաղաքացու ձերբակալությունը Ուկրաինայում ֆեյք է։ Դիակապուտ էր ձերբակալվել, ում մոտ, ի թիվս այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության զինվորական գրքույկ են գտել։ Իմ տեղեկությամբ, Հայաստանի ուկրաինական համայնքը [հնարավոր է դիվանագետը խոսում է Ուկրաինայում հայկական համայնքի մասին] շատ էր խնդրում այդ մարդուն իրենց փոխանցեն՝ զրույցի համար, բայց նրա հետագա ճակատագիրն ինձ անհայտ է։
– Պատերազմի առաջին օրերին Կիևյան կամրջի վրա Ռուսաստանի բանների տեղադրումը, Հաղթանակ զբոսայգում մայր Հայաստանի արձանի մոտ արված շոուն, Ղարաբաղի մատույցներում Z տառի ձևով ռուսական դրոշի տեղադրումը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայկական որևէ կազմակերպությունների հետ որևէ կապ չունեն։ Կան վկայութուններ, որ մարդիկ եկել են, տեղադրել Z֊աձև դրոշը, լուսանկարել այն, հետո հավաքել ու հեռացել են։
Ոչ մի հայկական կամ ղարաբաղյան կազմակերպություն նմանատիպ ակցիայի մասին չի հայտնել։ Ես սա Կիևյան կամրջի վրա տեղադրված «Ռուսաստանի բանակը» բանների և մայր Հայաստան արձանի մոտ շոուի շարքին դասեցի, երբ այդ մասին առաջինը հայտնեց Մարգարիտա Սիմոնյանը․․․ Այստեղ մոտակայքում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների շտաբն է։ Նրանք դժվար թե ընդունեն, բայց ենթադրում եմ, հենց նրանց ձեռքի գործն է։
– Հունվարից մարտ ամիսներին պետական մամուլի վրա Ռուսաստանում 17 միլիարդ ռուբլի է ծախսվել, 12 միլիարդը ծախսել են մարտին, այսինքն՝ ամենաթեժ ժամանակահատվածում, այսօրվա դրությամբ՝ պատերազմի ամենածանր ժամանակներում։ Անցած տարվա նույն ժամանակաշրջանումպետական քարոզչության վրաՌուսաստանում 5.4 միլիարդ ռուբլի պակաս է ծախսվել պետական քարոզչության վրա։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Ռուսաստանի բյուջեից 118 միլիարդ ռուբլի է հատկացվել պետական պրոպագանդայի վրա։
– Ուկրաինայի կողմից Ադրբեջան զենքի մատակարարում չի իրականացվում 2014 թվականից։ Ֆեյք էր տարածվել, թե Ուկրաինան Ադրբեջանին վառելիքի դիմաց «Ջավելիններ» է մատակարարում։ Մարդը՝ չեմ ուզում նրա անունը տալ, ոչ մի պատկերացում չունի զինամթերքի վերահսկման հարցերի մասին։ Եթե չես ցանկանում պատժամիջոցների տակ ընկնել և հետագայում համագործակցել տվյալ պետության հետ, որևէ զենք չի կարող որևէ մեկին փոխանցվել առանց այդ զենքի առաջնային տիրոջ սանկցիայի։
-Անընդհատ սպիտակ ֆոսֆորի գործածման հարցն է առաջանում։ Ուզում եմ նշել, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրել են այդ զինամթերքը գործածելու մեջ։ Ես որևէ ապացույց չեմ տեսել։ Ուղղեք ինձ, հնարավոր է ես ինչ֊որ բան չեմ գտել։ Բնականաբար, պետական մարմիններից ոչ մեկը դա չի քննարկում։ Միակ տեղեկությունը Human Rights Watch-ի՝ մարտին արված հայտարարությունն է, ըստ որի, վերջին 15 տարվա ընթացքում ֆոսֆորային զենքի կիրառման փաստեր են հայտնաբերվել Աֆղանստանում, Հաագայում, Իրաքում, Ուկրաինայում և Եմենում։
Հայաստանի և հայ հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի ագրեսիային
-Բազմակի մեկնաբանել և պաշտպանել եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի օգտին քվեարկելուց հրաժարվելը։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հայաստանը հույս ունի՝ հակամարտությունը խաղաղ, բանակցայիին ճանապարհով կկարգավորվի։ Ինչ վերաբերում է հանրությանը՝ սոցհարցումներ այստեղ չեն անցկացվել։ Կարող եմ անձնական կարծիքս արտահայտել՝ շփման մեջ ես մեծ աջակցություն եմ զգում մեծամասնության կողմից։
հակապատերազմական ցույցերի մասին
―Ինձ տպավորում է, որ Հայաստանը ազատ երկիր է, որտեղ ցանկացած ոք կարող է իրեն հարմար ձևով արտահայտել սեփական կարծիքը։
հումանիտար օգնության մասին
– Հիմա ծավալները այդքան էլ մեծ չեն։ Մենք ուշադրությունը սևեռում ենք այն մարդկանց վրա, որոնք պատերազմի սկզբից այստեղ [Հայաստան] են եկել և ունեն օգնության կարիք։
Պուտինի քավորի մասին
– Ռուսական պաշտոնատար անձինք այնքան բուռն արձագանքեցին Մեդվեդչուկի ձերբակալմանը՝ աչքաթող անելով այն, որ իրենց կողմից Ուկրաինայում արդեն շուրջ 20 հազար զինվոր է զոհվել։
Խոսքը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի մասին է, որն անհետացավ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ անց։ Ձերբակալվածի լուսանկարը ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահն էր հրապարակել՝ առաջարկելով նրան փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկիմ պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն աջակցելու մեջ է մեղադրում։
– Պատերազմի ընթացքում միշտ դավաճանություններ են լինում, միշտ հայրենիքը դավաճանողներ, դասալքություն և կոլաբորացիոնիզմ է լինում։ Կոլաբորանտներ օկուպացված տարածքներում են, մենք նրանց գիտենք, և նրանք անպայման կպատժվեն։
պատերազմի սկզբից Ուկրաինայից Հայաստան եկածների մասին
– Թվերի հետ կապված ամեն ինչ մի քիչ խառն է։ Պաշտոնապես մենք տեղեկություն ենք ստացել Հայաստան եկած 2 հազար քաղաքացիների մասին, որոնցից 75-ը փախստականի կարգավիճակ են խնդրել Հայաստանում, բայց թվերը անընդհատ փոփոխվում են, սրանք իմ կոզմից ստացված վերջին տվյալներն են։ Ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են, որոնք այստեղ ինքնուրույն կարգավորում են բոլոր հարցերը, մենք միայն փաստաթղթերի հարցում ենք օգնում։ Մյուսներին, մեր հնարավորությունների և ուժերի սահմաններում, փորձում ենք օգնել Հայաստանում ուկրաինական համայնքի միջոցով նախաձեռնող խմբեր կան, կացարան գտնելու համար՝ համացանցային ռեսուրսներ։ Փորձում ենք նաև աշխատանքով ապահովել։
պատերազմի մասին
– Ռուսաստանը հիմա մեծաքանակ սպառազինություն, զինվորներ և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Դոնբասում։ Օր օրի մենք սպասում են երկրորդ փուլի՝ շատ մեծ պատերազմի սկզբի։ Կիևի մատույցներում ջախջախումից հետո բունկերային արարածին ամեն գնով ինչ֊որ հաղթանակ է պետք, որ մայիսի 9-ին հայտարարի հաղթանակի և, հնարավոր է, Ուկրաինայի դեմ հատուկ օպերացիայի ավարտի մասին։
Կարծում եմ՝ այս երկրորդ փուլը առաջինից ավելի արյունալի կլինի։
– Նիկոլաև տանող ուղիները գնդակոծվում են։ Նիկոլաևը Օդեսայի բանալին է։ Անգամ 2014 թվականի՝ Մերձդնեստրից դեպի Խարկով ընկնող Նովոռոսիան ստեղծելու միտքը դեռ ապրում է այդ մարդու [Պուտինի] գլխում։
– Պատերազմ վարելու բոլոր ժամանակակից կանոնների համաձայն, շրջափակված ստորաբաժանումները չեն կարող մեկ շաբաթից ավել դիմադրություն ցույց տալ։ Մարիուպոլն արդեն շուրջ 50 օր է՝ դիմադրում է ագրեսիային՝ շրջափակման մեջ։ Եվ այնտեղ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել։
Ռուսաստանը ցինիկաբար մարդասիրական միջանցքներ է առաջարկում՝ խաղաղ բնակիչներին իր տարածք դուրս բերելու համար։ Կամա-ակամա, այժմ իրենք մինչև կես միլիոն Ուկրաինայի քաղաքացիներ են գերել՝ իրենց իսկ տարածքում՝ ներառյալ Մարիուպոլը, արևելյան Ուկրաինայի որոշ շրջաններ և այսպես կոչված ԼԺՀ֊ն և ԴԺՀ֊ն։