Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն էլ ավելի է սրել Մոսկվայի և կոլեկտիվ Արևմուտքի առանց այդ էլ սրված փոխհարաբերությունները։ Երկու կողմերն արտաքսում են միմյանց դիվանագետներին, մեղադրում իրար համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեջ և արգելում միմյանց օգտագործել իրենց օդային տարածքն անգամ քաղաքացիական չվերթների համար։ Ռուսական ավիաընկերությունների համար առաջինն իրենց օդային տարածքը փակեցին Բուլղարիան, Չեխիան և Բրիտանիան։ Դրան հետևեցին ԵՄ մյուս պետությունները, Իսլանդիան, Կանադան և ԱՄՆ-ն։ Ռուսաստանն պատասխան, փակեց իր օդային տարածքը ԵՄ բոլոր երկրների, եվրոպական մի շարք այլ երկրների, ինչպես նաև ամերիկյան, կանադական և ճապոնական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ Պատերազմից տուժած Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան ու մասամբ Բելառուսը ևս փակել են իրենց օդային տարածքները։ Այսպիսով՝ չնայած Խորհրդային ժամանակների երկաթե վարագույրը դեռևս չի կանգնեցվել Եվրոպայի արևելյան սահմանններին, ապա օդում այն վստահաբար տեսանելի է։
Եվրապական ինքնաթիռների երկար ճանապարհները
Ռուս-ուկրաինական պատերազմի վերսկսումից ի վեր եվրոպական ավիաընկերությունները հայտնվել են բավականին անհարմար մի իրավիճակում։
Եթե, օրինակ նախկինում Փարիզից Սեուլ հնարավոր էր հասնել կտրել-անցնելով ռուսական օդային տարածքը, այժմ ֆրանսիական ավիաընկերությունը ստիպված է գնալ շուրջ երկուսուկես ժամով ավելի երկար և մի քանի անգամ ավելի թանկ հարավային ճանապարհով։ Համանման ճանապարհներ են ընտրել եվրոպական մի շարք այլ ավիաընկերություններ։ Հատկանշական է, որ ասիական ավիաընկերությունները, որոնց համար ռուսական օդային տարածքը դեռ փակ չէ (այդ թվում՝ չինական և հարավկորեական), շարունակում են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնել Ռուսաստանով։ Այսպիսով, օդային սահմանփակումների հետևանքները նրանք չեն կրում։
Reuters-ի ներկայացված գրաֆիկական տվյալներում երևում են Բանգկոկ-Հելսինկի, Ֆրանկֆուրտ-Պեկին, Դելի-Նյու Յորք և Դելի-Լոնդոն չվերթների նախկին և ներկա ուղղություններն ու դրանց ժամանակային տարբերությունը։
Էլ ավելի ծանր իրավիճակում են հայտնվել ճապոնական ինքնաթիռները, որ ուղիղ չվերթներ են կատարում դեպի Եվրոպայի մի շարք քաղաքներ։ Տոկիո-Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռներն այլևս չեն կարող թռչել դեպի արևելք, անցնել Սիբիրի օդային տարածքով և հասնել Բրիտանիա։ Փոխարենը, ճապոնական ինքնաթիռները ստիպված են թռչել արևմուտք և Գրենլադիայի ու Կանադայի օդային տարածքով հասնել Լոնդոն՝ վառելիքի վերալիցքովորման համար կանգ առնելով Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդակայանում։ Անքորիջի օդանավակայանը Սառը Պատերազմի տարիներին ևս ծառայել է որպես լիցքավորման կայան այն օդանավերի համար, որոնք խուսափում էին ԽՍՀՄ տարածքից, և ակնկալվում է որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շարունակական սրման պարագայում կվերագտնի իր այդ դերը։
Նեղ օդային միջանցք դեպի Կալինինգրադ
Ռուսական օդանավերը ևս մեծապես տուժել են աշխարհի երկնքում հաստատված երկաթե վարագույրից։ Երկրի հիմնական ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտը» անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի դեպի եվրոպական երկրներ։ Չեղարկվել են նաև Ռուսաստանի և կենտրոնական Ամերիկայի մի շարք քաղաքների միջև չվերթները, իսկ որոնք էլ մնացել են՝ ստիպված են եղել փոխել իրենց ուղղությունը՝ Կանադայի օդային տարածքի փակման պատճառով։ Ներքևի քարտեզում երևում են Մոսկվա-Կանկուն և Մոսկվա-Պունտա Կանա չվերթների այժմյան ուղղությունները։
Ոչինչ, սակայն, այնքան նկատելի չեն ռուսական ավիափոխադրումների ոլորտում, որքան չվերթների ուղղության փոփոխությունը դեպի Կալինինգրադ։ Ռուսաստանի այս էքսկլավն, ինչպես հայտնի է, շրջապատված է Լեհաստանի և Լիտվայի ցամաքային և օդային տարածքներով, այսինքն՝ «մայր Ռուսաստանի» հետ ուղիղ կապ չունի։ Եթե մինչև իրենց երկրի՝ Ուկրաինա ներխուժելը ռուսները կարող էին Կալինինգրադ մեկնել Լատվիայի և Լիտվայի օդային տարածքներով, ապա այժմ ռուսական ինքնաթիռները պետք է զգուշորեն շրջանցեն դրանք և անցնեն այն նեղ օդային միջանցքով, որ իրենց տրամադրված է։
Չվերթների նոր՝ ավելի երկար ուղղությունները միանշանակ ազդում և ազդելու են թե արևմտյան, ռուսական ավիացիոն ոլորտի վրա։ IATA-ի վերջին զեկույցներից մեկում ներկայացված է Ռուսաստանի ներսում, ինչպես նաև Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների տոմսերի գնման վիճակագրությունը մեկշաբաթյա կտրվածքով՝ ներխուժումից առաջ և հետո։ Կտրուկ կերպով իջել են թե տեղական, թե միջազգային չվերթների պահանջարկի ցուցանիշները։
Թե որքան կշարունակվի Ռուսաստանի սանձազերծած պատերազմն Ուկրաինայում, դժվար է ասել։ Սակայն կորոնավիրուսի համավարակից նոր-նոր ավիացիայի ոլորտն այժմ կանգնած է երկնքում առկախված երկաթե վարագույրի առաջ։