44-օրյա պատերազմին առնչվող ավելի քան 1600 քրեական գործերից ևս մեկի նախաքննությունն ավարտվեց։
2020 թվականի դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ էր նախաձեռնել Հին Թաղեր-Խծաբերդի ուղղությամբ։ ՊՆ-ն հաղորդել էր, որ էսկալացիայի հետևանքով վիրավորվել էր 6, զոհվել 9 և գերեվարվել շուրջ 6 տասնյակ զինծառայող։
Ղարաբաղի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Ղազարյանի հանդեպ հարուցվել էր քրեական գործ և վերջինս 2021թ․-ի սեպտեմբերին կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (Հրամանը չկատարելը) 3-րդ մասով, 380-րդ հոդվածի (Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով և 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 3-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեն հիմնավորել է մեղադրանքը, ըստ որի՝ Ա․Ղ-ն ինքնակամ լքել է մարտադաշտը, ապա ենթակա դասակի անձնակազմին հրաման է տվել թողնել տեղամասում զբաղեցրած մարտական դիրքերը և նահանջել, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ՝ մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։
Բացի այդ ըստ Ք․Կ․-ի՝ Ա.Ղ.-ն մինչ հերթապահության անցնելը ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ, որոնք հարձակումից հետո փոխգնդապետի «անփութության» հետևանքով անցել են հակառակորդի տիրապետության տակ։
Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, իր հերթին, ավելի վաղ խոսել էր առաջարված մեղադրանքի իրար հակասող կետերից․ «Մեղադրանքում նշված է՝ Արսեն Ղազարյանը չի կատարել իր անմիջական պետից՝ զորամասի հրամանատարից ստացած հրամանը՝ չլքել մարտական գործողությունների վայրը և կազմակերպել շրջանաձև պաշտպանություն: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, և պետք է իրականացներ շրջանաձև պաշտպանություն և մնար մարտական դիրքերում: Բայց հետո նույն մեղադրանքում նշված է՝ Արսեն Ղազարյանը չի կազմակերպել իր ենթակա անձնակազմի 62 զինծառայողների նահանջը, որի հետևանքով նրանք գերեվարվել են: Հիմա հասկանալի չէ՝ Արսեն Ղազարյանն ի՞նչ աներ. պետք է նահանջե՞ր, թե՞ պաշտպանվեր մարտական դիրքերում, փոխգնդապետն, ի վերջո, ի՞նչ պիտի աներ, ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվում նրան՝ նահանջելո՞ւ, թե՞ ոչ: Չունենք այս հարցի պատասխանը»:
Փաստաբանն «Ազատությանը» պատմել էր նաև, որ Ղազարյանը 38 հոգով տեղակայվել էր Խծաբերդ գյուղերի հատվածում, իսկ 62 պահեստազորայինները բարձրադիր հատվածներում, և նրանց միջև հաղորդակցման միջոցներ չեն եղել։ Եվ դեկտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է նրանց վրա, Ղազարյանը հնարավորություն չի ունեցել այդ մասին հայտնելու ոչ վերադասին, ոչ էլ 62 պահեստազորայիններին։ Բանակցել են ադրբեջանցիների հետ, մասնակցել է ոչ միայն իր պաշտպանյալը, այլև բարձրաստիճան զինվորականներ։ Տապալված բանակցություններից հետո 38 հոգանոց խումբը նահանջել է, իսկ 62 հոգին գերի է ընկել: