Պարզվել են 44-օրյա պատերազմում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի [գեներալ Անդրանիկ Մակարյանի] կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու և մի քանի այլ սպաների կողմից կատարված հանցանքների հանգամանքները։
44-օրյա պատրազմի ընթացքում՝ ռազմական դրության պայմաններում, Հայաստանի զինուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Զանգելանում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու։ Նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Զանգելան քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա.Մ.-ն, խմբին օգնության շտապելու փոխարեն իրեն ենթակա անձնակազմին հրամայել է նահանջել ու վերադարձել Կապան։ Դրա հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության։ 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:
N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն հոկտեմբերի 20-ին ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստացել է անձնակազմին Զանգելանի շրջանում գտնվող «Կիրի Հանք» հասցնելու հանձնարարական, բայց ուղեկցողներից վերջնականապես չի պարզել՝ անձնակազմը վերջնակետ հասել է, թե ոչ։ Զինվորականն, այսպիսով, չի պահպանել մարտական կանոնադրության պահանջները, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Ա․Ա․-ն «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է այդ տարածքը և հասել Զանգելանի սկզբնամաս, որտեղ էլ հենց անձնակազմն ընկել է շրջափակման մեջ։
Բացի այդ, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, իր վերադաս Վ.Ն.-ին հաճոյանալու համար, հոկտեմբերի 11-ին թույլ է տվել նրա որդի Գ․Ն․-ին առանց համապատասխան հրամանի վերադառնալ Էջմիածին և զբաղվել ազգականին հուղարկավորելու աշխատանքներով և հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, ցույց տալով թե Գ.Ն․-ն հիմնական անձնակազմի հետ է զորամաս վերադարձել։
Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի հանցավոր գործողություններին օժանդակելու նպատակով հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ զորամասի հրամանագրքում կատարել ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից։
Զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն, իր հերթին, մարտական ծառայության վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսել է զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ և Է.Հ.-ին փոխանցել է վերջինիս՝ այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հանձնարարությունը։ Այնուհետև Է.Հ.-ն զորամասի հրամանագրքում կատարել է կեղծ գրառում ՝ նշելով, որ Գ.Ն.-ն հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 376-րդ (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածի 3-րդ մասով և 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 314-րդ (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածի 1-ին մասով։