Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պլանավորում է «մոտ ժամանակներում» բերման ենթարկել Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին և ներգրավել վերջինիս Գյանջայի հրթիռակոծման մասով քրգործի քննության մեջ։ Այս մասին հայտնել է երկրի ԳԴ քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Հարությունյանը մեղադրվում է Գյանջայի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական 4 ակտ իրականացնելու մեջ։
«Ահաբեկչությունն իրականացվել է Հայաստանի տարածքից։ Արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ, 175-ը՝ վիրավորվել։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր օգտահաշվում իր վրա է վերցրել պատասխանատվությունն ահաբեկչության համար․․․Այն, որ Արայիկ Հարությունյանը չի ներգրավվել քննության մեջ, ժամանակավոր բնույթ է կրում։ Կարծում եմ, որ համապատասխան միջազգային կոնվենցիային՝ Հարությունյանը կարճ ժամկետում բերման կենթարկվի քննչական-օպերատիվ խմբի կողմից և կփոխանցվի քննության համար», – ասել է Ավազովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավազովի խոսքով՝ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՈ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «հայրենիքի դավաճանություն»։
Հիշեցնենք՝ Գյանջա քաղաքը 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծվել է 4 անգամ՝ հոկտեմբերի 4-ին, 8-ին, 10-ին և 17-ին։ Հոկտեմբերի 4-ին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ « Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված»: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Արայիկ Հարությունյանի նկատմամբ։