«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության և ոստիկանությունում տիրող «հանցավոր բարդակի ու ոչ կոմպետենտության» մասին.
«Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազմաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:
Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում և որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում):
Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել:
Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ:
Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում:
Քիչ անց Արման Բաբաջանյանի հետ իմանում ենք, որ նման բան է եղել: Արագ ուղևորվում ենք օգնություն ցույց տալու և դառնում ականատեսը տոտալ բարդակի:
Տեղացի բնակչության հետ խոսելով՝ գտնում ենք հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած տավուշեցի ու լոռեցի ոստիկանների խմբերի: Մեջները կային վիրավորներ, որոնց դեռ որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերել: Խմբերը չգիտեին իրար մասին, չգիտեին, թե ով ու որտեղ է իրենց հրամանատարը:
Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:
Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ՝ չհավատացինք մեր աչքերին: Եվ նույնիսկ այդպես կազմված ցուցակում չկային իմ ու Բաբաջանյան Արմանի կողմից հայտնաբերված փրկված ոստիկաններից որոշները:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն իմացան մշակույթի տանը 500 ոստիկանների առկայության մասին: Բայց 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման, որի արդյունքում հնարավոր դարձավ բալիստիկ հրթիռի հարվածով 27 ոստիկան սպանել ու մնացածին դեմորալիզացնել: Նույնիսկ վնասվածք չստացածները բարոյապես այլևս ռազմաճակատ ուղարկելու վիճակում չէին և ռազմաճակատը չստացավ 500 թարմ ուժերով մարտիկ»:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը նշում է նաև, որ կազմակերպությունը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում տալ՝ ակնկալելով, որ 500 ոստիկաններին մշակույթի տան նկուղից դուրս գալու ու դահլիճում հավաքվելու հրաման տալը կարժանանա քրեաիրավական գնահատականի:
«Բայց նույնիսկ եթե գնդապետ Տիգրան Կարապետյանը (ով այժմ Արագածոտնի վարչության պետն է) ենթարկվի քրեական պատասխանատվության, միևնույնն է, պետք է հաշվի առնենք, որ խնդիրը համակարգային է. Լոռվա ոստիկանապետին երբեք ոչ մեկ չի սովորեցրել, որ կան բալիստիկ հրթիռներ ու թե ինչ անի (ու ինչ չանի), որ ենթականերին դրանցով սպանվելու վտանգի տակ չդնի:
Հ.Գ. Հաջորդ առավոտյան իմ նկարած կադրերում հստակ երևում է, որ հրթիռի պայթյունը չի հասել նկուղներին և եթե նկուղներից ոստիկանները չբերվեին դահլիճ, ոչինչ էլ չեր լինի», – ֆեյսբուքում գրում է Դանիել Իոանիսսյանը: