44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ` նույնականացման համար, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել: Հոլանդացի գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ մարտին առողջապահության նախարարը նշել էր, որ կան 210 փորձանմուշներ, որոնց հետ «շատ բարդ է աշխատել»։ Մասունքների մի մասը այնքան են վնասված, որ մի քանի անգամ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ միևնույնն է չեն նույնականացվել։
Հունիսի 18-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմից պատերազմի հաստատված զոհերի թիվը 3705 է։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմի զոհերի հաստատված թիվը 2907 է։